Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբասը դեկտեմբերի 19-ին մեկնել է Թուրքիա: Նրան դիմավորել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն:
Թուրքիայի արտգործնախարարը Աբասի հետ հանդիպման ընթացքում կրկին հաստատել է Պաղեստինին աջակցելու Թուրքիայի պատրաստակամությունը: Նա նշել է, որ Թուրքիան իր հնարավորություններիի սահմաններում Պաղեստինին աջակցում է ինքնավար պետություն ճանաչվելու հարցում, հաղորդում է TRT Russian-ը:
Պաղեստինյան ինքնավարության առաջնորդը Դավութօղլուին անվանել է իր «եղբայրը» եւ շնորհակալություն հայտնել պաղեստինյան ժողովրդի նկատմամբ ցուցաբերած աջակցության համար:
Աբասն ընդգծել է, որ ՄԱԿ-ում Պաղեստինի ճանաչման նախաձեռնությունը Մերձավոր Արեւելքում տարվող բանակցությունների այլընտրանքը չէ:
Նա նշել է, որ Պաղեստինը պատրաստ է ցանկացած բանակցությունների:
Այցի ընթացքում նախատեսվում են նաեւ հանդիպումներ Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի եւ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:



























