ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը Նիդերլանդներ կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպում է ունեցել այդ երկրի Հաշվիչ դատարանի խորհրդի համանախագահ Գերիդդե Յոնգի հետ եւ նշել, որ Հայաստանը փորձում է մոտենալ եվրոպական չափանիշներին:
Հանդիպմանը մասնակցել է նաեւ Նիդերլանդներում Հայաստանի դեսպան Ձյունիկ Աղաջանյանը:
Վերահսկիչ պալատի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Ի. Զաքարյանը տեղեկացրել է, որ եվրոպական համագործակցության արդյունքում երկու տարվա ընթացքում ՎՊ-ն ներկայացրել է մոտ 40 օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ առաջարկություններ:
«Նիդերլանդների հաշվիչ դատարանը գոյություն ունի դեռեւս 15-րդ դարից եւ մենք պատրաստ ենք մեր բազմադարյա փորձը փոխանցել մեր երիտասարդ գործընկերոջը` ՀՀ վերահսկիչ պալատին>, -ասել է դե Յոնգը:
Այցի ընթացքում քննարկվել են 2012-2013 թթ Նիդերլանդների հաշվիչ դատարանի կողմից Հայաստանի վերահսկիչ պալատին տեխնիկական աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ նոր առաջարկները եւ համատեղ աշխատանքային ծրագրերը: Մասնավորապես` Բարձրագույն վերահսկիչ մարմինների միջազգային ստանդարտներին համապատասխանեցնելու նպատակով հոլանդացի փորձագետները կգնահատեն Վերահսկիչ պալատին վերաբերվող ՀՀ օրենսդրական եւ մեթոդական դաշտը: ՀՀ Վերահսկիչ պալատի տեղեկատվական տոխնոլոգիաների հզորացման նպատակով կբարելավվեն պալատի ենթակառուցվածքները:
Երկու երկրների բարձրագույն վերահսկիչ կառույցների համագործակցության արդյունքում 2012-2013 թվականների ընթացքում հոլանդական կողմը կշարունակի համակարգչային նոր սարքավորումների տրամադրումը, ինչպես նաեւՎերահսկիչ պալատի ինտերնետային էջի /coc.am/ եւ էլեկտրոնային հասցեների համակարգի սպասարկման, կայքի անգլերեն եւ ռուսերեն լեզուներով թարգմանությունների ֆինանսավորումը:
Վերահսկողության արդյունավետության բարձրացման նպատակով հոլանդացի մասնագետները կօգնեն հայ գործընկերներին օգտագործել Եվրոպայում լայնորեն կիրառվող համակարգչային վերլուծական ժամանակակից ծրագրեր:
Ի. Զաքարյանի այցի ընթացքում, երկու երկրների Բարձրագույն վերահսկիչ մարմինների միջեւ ձեռք է բերվել պայմանավորվածություն տեխնիկական աջակցությունից բացի, սկսել համագործակցություն վերահսկողության ոլորտում: Որպես հայ-նիդերլանդական վերահսկողության գործնական քայլ` հաջորդ տարի կիրականացվի բնապահպանական թեմայով համատեղ վերահսկողություն, իսկ 2013-ին վերահսկողությունը կշարունակվի հարկային-մաքսային ոլորտներում:
Հիշեցնենք, որ ՀՀ Վերահսկիչ պալատի եւ Նիդերլանդների Հաշվիչ դատարանի համագործակցության հիմքը դրվել է 2009-ին` ՀՀ ՎՊ-ին տեխնիկական աջակցություն ցուցաբերելու մասին ստորագրված համագործակցության համաձայնագրով:
Տեղեկացնենք, որ ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը Նիդերլանդներից կմեկնի ՌԴ մայրաքաղաք Մոսկվա, որտեղ հանդիպում կունենա ՌԴ հաշվիչ պալատի նախագահ Սերգեյ Ստեպաշինի հետ:




























