Այօսր, դեկտեմբրի 20-ին Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիան ամփոփեց մարզիկների լավագույն տասնյակի հարցման արդյունքները: Հայաստանում տարվա լավագույն մարզիկ ճանաչվեց հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն Ռոման Ամոյանը: Նա այժմ ուսումնամարզական հավաք է անցկացնում Ծաղկաձորում: News.am-ի թղթակցի հետ Ռոման Ամոյանը զրուցեց առավոտյան դահուկավազքից հետո:

«Այսօր առավոտյան մարզիչներն ինձ ասացին, որ տարվա լավագույն մարզիկ եմ ճանաչվել: Շատ ուրախացա, որովհետեւ առաջին անգամ եմ նման պատվի արժանանում: Ճիշտ է, տասը տարի շարունակ մշտապես ընդգրկվել եմ լավագույն տասը մարզիկների մեջ, սակայն բոլորովին ուրիշ ապրումներ ես ունենում, երբ ճանաչվում ես լավագույնը: Շատ ուրախ եմ: Անչափ շնորհակալ եմ մարզական լրագրողներին, որ այս տարի ինձ ընտրեցին Հայաստանի առաջին մարզիկ: Ուզում եմ շնորհակալություն հայտնել նաեւ իմ բոլոր մարզիչներին, որոնց օգնությամբ կարողացա հասնել այս բարձունքին: Լավագույն մարզիկ լինելը շատ մեծ պատասխանատվություն է, որովհետեւ այն մարզիկին պարտադրում է միշտ ցույց տալ լավ արդյունքներ եւ բարձր պահել այդ կոչումը: 2012 թվականին կաշխատեմ կրկնել այս տարվա նվաճումը, կրկին տիրել Եվրոպայի չեմպիոնի կոչմանը, ինչպես նաեւ նվաճել օլիմպիական խաղերի ուղեգիր»,- նշեց Ռոման Ամոյանը: