Մաշտոցի պողոտայի թիվ 42 շենքի դիմաց դեկտեմբերի 16-ին ժամը 21.10-ի սահմաններում երկու քաղաքացիների վրաերթի ենթարկած Կամերային թատրոնի տնօրեն, 60-ամյա Արա Երնջակյանը մեքենան արագ չէր վարել: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում, անդրադառնալով այդ պատահարին, նա նշեց, որ ինքը ո’չ մեքենան է արագ վարել, ո’չ էլ եղել է անսթափ վիճակում, պարզապես անցորդները սխալ տեղով են անցել: Ի դեպ, Երնջակյանը փախուստի չի դիմել, շտապօգնություն է կանչել եւ օգնել որպեսզի վրաերթի ենթարկվածներին տեղափոխեն Երեւանի թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Կամերային թատրոնի տնօրենը նշեց, որ այժմ ամեն ինչ լավ է, տուժողները լուրջ վնասվածք  չեն ստացել, նույն րոպեին էլ դուրս են գրվել հիվանդանոցից:  Ի դեպ, Արա Երնջակյանը նշեց, որ իր կյանքում առաջին դեպքն է, երբ ինչ-որ մեկին վրաերթի է ենթարկում:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Կամերային թատրոնի տնօրեն, 60-ամյա Արա Երնջակյանը, վարելով «Տոյոտա» մակնիշի 14 ՕԼ 120 համարանիշի ավտոմեքենան, դեկտեմբերի 16-ին վրաերթի է ենթարկել 28-ամյա Մետաքսյա Ավդալյանին եւ 23-ամյա Հայկ Հովհաննիսյանին: Վրաերթը տեղի է ունեցել ժամը 21.10-ի սահմաններում, Մաշտոցի պողոտայի թիվ 42 շենքի դիմաց, որից հետո Երնջակյանը շտապօգնություն է կանչել եւ օգնել որպեսզի վրաերթի ենթարկվածներին տեղափոխեն հիվանդանոց: Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում նյութեր են նախապատրաստվում տեղի ունեցած վրաերթի փաստով: