Եգիպտական մայրաքաղաքի կենտրոնում բախումերը, չնայած բոլոր կոչերին, շարունակվում են: Այսօր փողոցային մարտերի արդյունքում մեկ մարդ զոհվել է, տասնյակ մարդիկ վնասվածքներ են ստացել: Այս մասին հայտնում են տեղի լրատվամիջոցները:
Թահրիր հրապարակում ցուցարարների եւ ոստիկանների միջեւ բախումները վերսկսվել են արեւածագին եւ շարունակվել են մի քանի ժամ: Ավելի ուշ իրավապահները հեռացել են, ցուցարարներն էլ, առիթից օգտվելով, կրկին զբաղեցրել են հրապարակը, որից հանել էին ավելի վաղ տեղադրված արգելապատնեշները եւ բացել էին տրանսպորտային երթեւեկության համար, գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Հիշեցնենք, Կահիրեում խռովությունները վերսկսել են դեկտեմբերի 16-ին, երբ ռազմական ոստիկանությունը փորձել է ցուցարարներին ցրել կառավարության շենքի մոտից: Այդ ընթացքում, Եգիպտոսի առողջապահության տվյալներով, 12 եգիպտացի է զոհվել, 800-ը վիրավորվել են: Բանակը բախումների մասնակից շուրջ 200 մարդու է ձերբակալել:




























