Ընդդիմության մեր գործընկերները այսօր առաջարկում են Երևանում հանրային տրանսպորտի գինը սահմանել 100 դրամից պակաս։ Այս մասին, այսօր՝ փետրվարի 11-ին, Երեւանի ավագանու նիստում իր արտահերթ ելույթում նշեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
Նա թվարկեց այդ ոլորտում սահմանված արտոնությունները եւ նկատեց, որ ընդդիմադիրները այդ արտոնությունների սահմանման գործում զրո մասնակցություն են ունեցել. «Դուք այսօր արտոնությունների փաթեթի հավելյալ ընդլայնմանը նույնպես բոյկոտի տրամաբանությամբ եք մոտեցել։ Դուք քվեարկվող հարցին, որտեղ Երևանի գրանցումը հանում էինք առհասարակ, որ բոլոր ՀՀ քաղաքացիները կարողանան այդ արտոնություններից օգտվել, դուք դրան չեք մասնակցել:
Հիմա դուք գիտե՞ք ինչի մասին եք ասում, 1998 թվականին Երևան քաղաքում տրանսպորտի գինը 100 դրամ էր, այդ ժամանակ մենք երթևեկում էինք «ՌԱՖ»-երով, «Երազ»-ներով: Հիմա դուք առաջարկում եք 100 դրամից պակաս դարձնել, երբ մենք երթևեկում ենք «ՄԱՆ»-ներով, «Ժոնգթոնգ»-ներով»,-ասաց Ավինյանը:
Նա հայտարարեց, որ ժամանակին Երեւանը 30 միլիարդ դրամ սեփական եկամուտներ ուներ, դրան գումարած պետության կողմից տրված փողը, եւ այդ ժամանակվա իշխանությունը 60%-ով էր կարողանում ծախսել այդ գումարը. «Նախորդ տարվա մեր 64 միլիարդ դրամանոց բյուջեն, գումարած նաև պետական ծրագրերը, Երևանի քաղաքապետարանը 94% կատարողական ունի։ Դա նշանակում է տասնյակ մանկապարտեզներ հիմնանորոգված, հարյուրավոր բակեր հիմնանորոգված, բազմաթիվ ենթակառուցվածքներ, ասֆալտ կիլոմետրերով տասնյակ:
Հիմա, պարոն Թորոսյան, դուք ուզում եք այստեղ մենք իրար հետ ոտ գցե՞նք, այստեղ համեմատվե՞նք: Այստեղ համեմատվելու եզր չունեք դուք:
Հիմա դուք ստով մարդկանց գլուխը լցրել եք, որ տրանսպորտը դառնում է 300 դրամ։ Եվ հուսով եմ այդ մի հատվածը գոնե փարատեցինք»:
Այնուհետեւ Ավինյանը դիմեց երեւանցիներին. «Սիրելի երևանցիներ, բոլոր այն մարդիկ, որոնք մեկանգամյա ուղևորության համար վճարելու են 150 դրամ, ես վստահ եմ այդ մարդիկ հիմնականում ավելի քիչ են օգտվում տրանսպորտից, ես ուզում եմ դուք իմանաք, ձեր վճարած հավելյալ 50 դրամը ծառայում է մի քանի բանի։ Առաջին հերթին, դա ծառայում է Երևան քաղաքում շարունակական տրանսպորտի զարգացմանը, Ոչ այն դատարկ պոպուլիզմին, որի մասին խոսում են մեր ընդդիմադիր գործընկերները, այլ իրական ամեն տարի թարմացվող տրանսպորտային համակարգին, 171 նոր բերված ավտոբուսներին, 45 նոր բերվող տրոլեյբուսներին, մետրոպոլիտենում իրականացվող բարեփոխումներին և այլն։
Դա ծառայում է, սիրելի երևանցիներ, բոլոր արտոնյալ խմբերին, որոնց որ տրվել են անվճար երթևեկելու իրավունք, նրանց այդ երթևեկության իրավունքը անվճար ապահովելու համար։
Ես իրապես շնորհակալ եմ գիտակցության համար, իրապես շնորհակալ եմ նրա համար, որ հասկանում եք ինչ ենք անում և ինչի համար ենք անում»:





























