Մոնտեվիդեոյում լատինամերիկյան «Մերկոսուր» բլոկի գագաթաժողովն սկսվել է ողբերգական միջադեպից. արգենտինացի մասնակից, արտաքին առեւտրի փոխնախարար Իվան Հեյնին կախված վիճակում գտել են հյուրանոցային համարում:

Ուրուգվայական ոստիկանությունը հայտնել է, որ նա կախվել է գոտիով: Անանուն աղբյուրն Agence France-Presse գործակալությանը հայտնել է, որ 33-ամյա փոխնախարարը գտնվել է մերկ վիճակում կախված, ինքնասպանությունից 6 ժամ անց:

Հեյնը, որին տաղանդավոր եւ խոստումնալից տնտեսագետ էին համարում, Քրիստինա Քիրշների կառավարությունում նոր պաշտոնն ստանձնել էր ընդամենը 10 օր առաջ: Երբ Արգենտինայի նախագահն իմացել է ինքնասպանության մասին, վատացել է, ստիպված են եղել բժիշկ հրավիրել:

Տվյալ ողբերգական միջադեպի կապակցությամբ գագաթաժողովում որոշ միջոցառումներ չեն կայացել, օրինակ` խմբակային լուսանկարվելը: Գագաթաժողովի մասնակիցները, որին Արգենտինայի եւ Ուրուգվայի նախարարներից բացի, մասնակցում են նաեւ Բրազիլիայի, Պարագվայի եւ Վենեսուելայի ղեկավարները, ընկճված հոգեվիճակում են: