Այս տարվա հունվարին ռեկորդային 1,35 միլիարդ լարի (481 միլիոն ԱՄՆ դոլար) արվեստի գործեր են ներկրվել Վրաստան։ Հարկային ծառայության տվյալները տրամադրել է bm.ge գործակալությունը։

Արտաքին առևտրի աճի վրա էապես ազդել է արվեստի գործերի ներմուծումը. 2024 թվականի հունվարին Վրաստան ներմուծման ծավալն աճել է 45%-ով։ Առանց այդ գործարքների տարեկան աճը կկազմեր ընդամենը 1,8%։

Հարկային ծառայության տվյալներով՝ արվեստի գործերը երկիր են առաքվել երեք ուղղություններից։ Նրանցից երկուսը Վրաստան են մտել են Միացյալ Նահագներից, մեկը՝ Մեծ Բրիտանիայից։ Նկարների և փաթեթավորման ընդհանուր քաշը կազմել է 6,6 տոննա։

Արդյոք նման թանկարժեք ապրանքների համար մաքսատուրքեր են վճարվել, տեղեկություններ չկան։ Նման արժեքի ակտիվների համար դրանց չափը կարող է կազմել 242 միլիոն լարի։

Ըստ Новости-Грузия-ի՝ երկրի Ֆինանսների նախարարությունը և Հարկային ծառայությունը իրավիճակը չեն մեկնաբանել։

Ընդդիմադիր «Գախարիա – Վրաստանի համար» կուսակցության անդամ Բեկա Լիլուաշվիլին կարծում է, որ միայն «Վրացական երազանքի» հիմնադիր միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին է ի վիճակի նման արժեքներ ներմուծել երկիր։ Նրա համոզմամբ՝ Իվանիշվիլին հավանաբար սկսել է «տարհանել» իր ակտիվները՝ վախենալով պատժամիջոցներից։