Ուկրաինայի և Ռուսաստանի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելլոգը շաբաթ օրը CNBC-ին հայտարարել է, որ երկու պատերազմող երկրների համար խաղաղության ծրագիր կարող է մշակվել մի քանի օրվա կամ մի քանի շաբաթվա ընթացքում:

«Ես Թրամփի ժամանակով եմ շարժվում», -ասել է Քելլոգը պատվիրակներին Մյունխենի անվտանգության համաժողովի միջոցառման ժամանակ՝ նկատի ունենալով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտնի սրընթաց որոշումների ընդունումը: -Նա ձեզ կխնդրի այսօր անել այս գործը, իսկ վաղը կուզենա իմանալ, թե ինչու խնդիրը չի լուծվել։ Դուք պետք է մեզ որոշակի շունչ քաշելու հնարավորություն ու ժամանակ տրամադրեք, բայց երբ ես դա ասում եմ, նկատի ունեմ ոչ թե վեց ամիս, այլ օրեր ու շաբաթներ»:

Ըստ նրա՝ ներկայում կա «երկկողմանի» մոտեցում խաղաղ բանակցություններին, երբ ԱՄՆ պաշտոնյաները շփվում են Ռուսաստանի և առանձին՝ Ուկրաինայի և դաշնակից երկրների հետ:

Քելլոգը, իր հերթին, հայտարարել է, որ աշխատում է վերջին խմբի անունից և պնդել է, հակառակ ԱՄՆ նախկին առաջարկներին, և՛ Ուկրաինան, և՛ Եվրոպան պետք է ներգրավվեն այս բանակցություններում:

«Դուք պետք է ձեզ հետ դաշնակիցներ բերեք։ Արդյո՞ք նրանք (Ուկրաինան և Եվրոպան) որևէ դեր են խաղալու։ Իհարկե խաղալու են: Դուք չեք կարող դա անել ի վնաս որևէ մեկի: Մենք ցանկանում ենք համոզվել, որ սա երկարաժամկետ և կայուն խաղաղություն է»,-ընդգծել է նա։

Միաժամանակ Քելլոգը պարզաբանել է, որ Եվրոպան կարող է ֆիզիկապես ներկա չլինել խաղաղ բանակցությունների սեղանի շուրջ, սակայն տարածաշրջանի շահերը հաշվի են առնվելու։

Հարցին, թե արդյոք նա կարող է շարադրել Ուկրաինայի համար վստահելի անվտանգության երաշխիքի պահանջները, Քելլոգն ասել է, որ առայժմ չի կարող դա անել:

«Պատասխանն այս պահին բացասական է»,-նշել է նա՝ շեշտելով, որ համաժողովում եղել է Ուկրաինայի ու Եվրոպայի մասին տեղեկություններ ստանալու նպատակով։

«Երբեմն Միացյալ Նահագների համար խնդիր է ծագում, երբ նա նայում է միայն սեփական ոսպնյակների միջով»,- հավելել է նա։

Աշխարհի պաշտպանության և անվտանգության գերատեսչությունների ներկայացուցիչները հավաքվել են Մյունխենում՝ ամենամյա եռօրյա համաժողովի՝ քննարկելու համար Ուկրաինայի ապագան, Ռուսաստանի հետ խաղաղ բանակցությունները և Եվրոպայի փոփոխվող անվտանգության և պաշտպանության ճարտարապետությունը:

Խաղաղության համաձայնագրի հեռանկարներն այս շաբաթ կրկին ուշադրության կենտրոնում են հայտնվել, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը առանձին հեռախոսազրույցներ է ունեցել ինչպես Պուտինի, այնպես էլ՝ Զելենսկու հետ: