Հունգարիան ԵՄ ընդլայնման հարցում օգտագործել է որոշումների միաձայնության սկզբունքը, որպեսզի արգելափակի Ուկրաինայի հետագա առաջընթացն անդամակցության ճանապարհին, Մյունխենում «Եվրոպական պրավդա»-ին ասել է եվրաինտեգրման հարցերով փոխվարչապետ և Ուկրաինայի արդարադատության նախարար Օլգա Ստեֆանիշինան։
Ստեֆանիշինան Մյունխենում Վիկտոր Պինչուկ հիմնադրամի կողմից կազմակերպված «Ուկրաինական լանչի» հանրային քննարկման ժամանակ հակիրճ հայտարարել է անդամակցության գործընթացում ծագած խնդիրների մասին։
«Մինչ մենք այստեղ խոսում ենք, անդամ մի երկիր արգելափակում է Ուկրաինայի ԵՄ-ին անդամակցելու գործընթացը, դա տեղի է ունեցել բառացիորեն երեկ», - ասել է նա՝ ի սկզբանե չներկայացնելով այլ մանրամասներ:
Ավելի ուշ, Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում, Ստեֆանիշինան խոստովանել է, որ խոսքը Հունգարիայի մասին է։ Ավելի վաղ լրատվամիջոցները, հղում անելով աղբյուրներին, հայտնել էին, որ հունգարացիներն արգելափակել են բանակցային առաջին կլաստերի բացումը։
«Իսկապես, անդամ երկրների գործընկերները մեզ տեղեկացրին, որ ԵՄ երկրների ներկայացուցիչները չեն կարողացել հաստատել Ուկրաինային ուղղված պաշտոնական հրավերը՝ բացելու ԵՄ-ին անդամակցելու բանակցությունների առաջին կլաստերը: Ինչպես նրանք են պնդում, Հունգարիան պահանջում է ընդլայնել Ուկրաինային առաջադրված պայմանների ցանկը»,- պարզաբանել է Ստեֆանիշինան։
Այժմ Ուկրաինան և Եվրամիությունը պատրաստվում են սկսել բանակցությունների գործնական փուլը, և դրա համար պետք է բացվի «Հիմնարար հարցեր» (Fundamentals) կլաստերը։
ԵՄ ընդլայնման գործընթացում գործող ստանդարտ սխեմայի համաձայն, Fundamentals-ը բացելու համար թեկնածու պետությունը պետք է Բրյուսելի հետ համաձայնեցնի երկու «ճանապարհային քարտեզ»՝ մեկը օրենքի գերակայության (որը ներառում է նաև մարդու իրավունքները) և մյուսը՝ պետական կառավարման համակարգի բարեփոխման վերաբերյալ: Ապագայում այս ճանապարհային քարտեզների իրականացումը կորոշի Ուկրաինայի առաջընթացն ընդհանուր բանակցություններում։
Հունգարիան պահանջում է, որ ԵՄ-ն Ուկրաինային հասցեագրված պահանջներին ավելացվի երրորդ փաստաթղթի՝ ազգային փոքրամասնությունների պաշտպանության ծրագրի, պատրաստման պահանջը:
Այժմ այս տարաձայնության պատճառով բանակցությունների սկսումն ամբողջովին արգելափակված է, քանի որ առանց Fundamentals-ի բացման հետագա որոշումներն անհնար են։
Դեռևս պարզ չէ, թե դա ինչ հապաղում կարող է առաջացնել: Ինքը՝ Ստեֆանիշինան, ձեռնպահ է մնացել կանխատեսումներ անելուց։
«Մենք հուսով ենք, որ գործընթացը կապաարգելափակվի մոտ ժամանակներս, բայց առայժմ սպասում ենք մանրամասների և պատրաստ ենք բացատրել, թե ինչ քայլեր է արդեն ձեռնարկում Կիևը՝ հունգարական փոքրամասնության հետ համագործակցելու հարցում»,- ասել է փոխվարչապետը։
Ավելի վաղ ԵՄ-ն հայտարարել էր, որ Ուկրաինան ի վիճակի է մինչև տարեվերջ բացել բանակցությունների բոլոր կլաստերները։





























