Թերսնման պատճառով 27 կգ կշռող 17-ամյա բալերինայի ծնողները դատապարտվել են ազատազրկման:

Այն պահին, երբ աղջկան տեղափոխել են հիվանդանոց, նրա մազերը փխրուն են եղել, մաշկը թեփոտվել է, և նա այնքան թերսնված է եղել, որ բժիշկներն ասել են, որ նա սրտի կանգի վտանգի տակ է, հայտնում է CNN-ը։

Նա 17 տարեկան էր, բայց շատ ավելի երիտասարդ տեսք ուներ։ Հիվանդանոցի ականատեսները պատմել են, որ ծնողները նրան վերաբերվել են ինչպես փոքրիկ երեխայի:

Նրանք լողացնում էին նրան, օգնում էին փչել քիթը և սանրում էին մազերը, մինչ նա դիտում էր մուլտֆիլմեր, որոնք ավելի հարմար են փոքր երեխաների համար: Նա կշռում էր ընդամենը 27,3 կիլոգրամ և մոտավորապես նույն հասակը, ինչ 9-ամյա երեխան։

Անցյալ ամիս նրա ծնողները՝ 40-ն անց ավստրալացի ամուսինները, դատապարտվել են բանտարկության Արևմտյան Ավստրալիայի Պերթի շրջանային դատարանում՝ իրենց միակ երեխային անտեսելու համար:

Իր վճռում դատավոր Լինդա Բլեքը հայտարարել է, որ պարզ է, որ աղջկա ծնողները սիրում են նրան, բայց չեն կատարել իրենց ծնողական պարտականությունները՝ օգնելով նրան զարգանալ ֆիզիկապես և էմոցիոնալ առումով:

«Սա թերսնված բալերինայի մասին չէ», - ասել է դատավոր Լինդա Բլեքը՝ հորը դատապարտելով վեցուկես տարվա ազատազրկման, իսկ մորը՝ հինգ տարվա՝ ժամկետը կրճատելով՝ հաշվի առնելու նրա «անձնական հանգամանքները»:

«Դուք մեկուսացրել եք ձեր աղջկան, չեք թողել, որ նա մեծանա, զարգանա այնպես, ինչպես իրավունք ուներ։ Դուք իսկապես պահել եք նրան որպես փոքրիկ աղջկա, որը վաղուց անցել է այդ տարիքից»,-ասել է նա: