Գիտնականների միջազգային խումբն ուսումնասիրել է քրեական սյուժեով համեմված ռոմանտիկ գրականության ֆենոմենը և պարզել, թե ինչու է ամբողջ աշխարհում լարված դետեկտիվ սյուժեների և սիրային պատմությունների համադրությունը գրավում միլիոնավոր ընթերցողների ուշադրությունը։ Հետազոտությունը ցույց է տվել, որ այս ժանրը ոչ միայն միավորում է երկու սիրված ժանրերը, այլև պատասխանում է լսարանի կարևոր հոգեբանական պահանջմունքներին, գրում է The Conversation հանդեսը։

Հանցաշխարհին առնչվող սիրավեպերն զգացմունքների յուրահատուկ հավասարակշռություն են առաջարկում: Գլխավոր հերոսը հայտնվում է վտանգավոր իրավիճակներում՝ որպես զոհ, վկա կամ խուզարկու, բայց միևնույն ժամանակ պահպանում է բնավորության ուժն ու անկախությունը։ Սիրո պատմությունը չի ճնշում հիմնական սյուժեն, այլ այն ավելի բազմաշերտ է դարձնում. մահացու վտանգի պատճառով հերոսների ապրումներն ավելի են սրվում, իսկ ռոմանտիկ կապը դժվարությունները միասին հաղթահարելու բնական հետևանք է դառնում։  

233 ընթերցողների շրջանում հետազոտողների անցկացրած հարցումը ցույց է տվել, որ շատերը սովորական սիրավեպերը չափազանց կանխատեսելի են համարում: Սիրավեպը քրեական ինտրիգով համեմվելու դեպքում սյուժեն ավելի դինամիկ է դառնում, իսկ ռոմանտիկ սահմանը՝ նվազ «քաղցրմեղցր» ու ավելի իրատեսական։ Ընթերցողները նշել են նաև, որ նման գրքերը ուժեղ հույզեր են առաջացնում՝ լարված սպասումի ազդեցություն ստեղծելով, բայց միևնույն ժամանակ հոգեվիճակը դաժան տեսարաններով չեն ծանրաբեռնում։

Հետազոտությունը հաստատել է նաև, որ ժանրի հանրաճանաչությունն առնչվում է ընկալման առանձնահատկություններին։ Կանայք, որոնք էլ ռոմանտիկ գրականության թիրախային շուկայի կիզակետում են, կարդում են քրեական վեպեր՝ ըմբռնելու համար ապահովության, իշխանության և արդարության թեմաները, իսկ լիրիկական տարրերը նրանց օգնում են ավելի խոր կապ հաստատել սյուժեի հուզական բովանդակության հետ: Արդյունքում, քրեական սյուժեով համեմված սիրավեպերը ոչ միայն հաճույք են պատճառում, այլև ընթերցողներին հնարավորություն են տալիս հոգեկան էներգիայի ազատագրման պահեր ունենալ՝ բարդ և բազմաշերտ կերպարների զարգացմանը հետևելով: