Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը նշել է ուկրաինական հակամարտության կարգավորման բանակցություններում Եվրամիությանը ներգրավելու անհրաժեշտությունը եւ ասել, որ Եվրոպան թույլ չի տա որեւէ մեկին համաձայնության գալ Ուկրաինայի ապառազմականացման հարցում։

Շոլցը դեմ է արտահայտվել Ուկրաինայի վերաբերյալ ամերիկա-ռուսական բացառիկ պայմանագրերի կնքման հնարավորությանը։ «Մենք՝ եվրոպացիներս, դա թույլ չենք տա։ Մենք նաեւ թույլ չենք տա, որ որեւէ մեկը համաձայնի Ուկրաինայի ապառազմականացմանը»,- հայտնել է նա կիրակի նախընտրական բանավեճի ժամանակ։ Միաժամանակ, Գերմանիայի կանցլերը կրկին հայտնել է, որ Ուկրաինային անհրաժեշտ է ուժեղ բանակ։

«Առանց մեզ անհնար է դա անել։ Իհարկե, մենք ասելիք ունենք»,- նշել է Շոլցը՝ արձագանքելով ԱՄՆ այն հայտարարությանը, թե Եվրոպան ֆիզիկապես ներկա չի լինի բանակցությունների սեղանի շուրջ՝ հակամարտությունը կարգավորելու համար։ Միաժամանակ, Գերմանիայի կառավարության ղեկավարն ընդգծել է, որ եվրոպացիներն ունեն ձայնի իրավունք։ Նրա խոսքով՝ «առանց Եվրոպայի մասնակցության անվտանգության երաշխիքներ չեն լինի»։

Ավելի վաղ Ուկրաինայի եւ Ռուսաստանի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Քիտ Քելոգը հայտնել էր, որ Եվրոպան ֆիզիկապես ներկա չի լինի բանակցությունների սեղանի շուրջ։ Նրա խոսքով՝ այժմ խաղաղության բանակցությունների երկու ուղղություն կա։ ԱՄՆ ներկայացուցիչները շփվում են առանձին Ռուսաստանի եւ Ուկրաինայի հետ՝ դաշնակիցների հետ միասին։ Միաժամանակ Քելոգը պարզաբանել է, որ հաշվի են առնվելու Եվրոպայի շահերը։