Ընդդիմադիր «Գախարիան Վրաստանի համար» կուսակցությունը հայտնել է, որ Մյունխենից Թբիլիսի վերադարձած կուսակցության առաջնորդ Գիորգի Գախարիային օդանավակայանում սպասել է նախապես կազմակերպված «սոնդեր-խումբը»։
Նրանք ձվեր են նետել ընդդիմադիր քաղաքական գործչի վրա՝ հայհոյանքներ հնչեցնելով՝ «դավաճան», «USAID-ի ֆինանսավորումը դադարեց, և սկսեցիր օգնություն խնդրել ԵՄ-ի՞ց»։
«Փետրվարի 17-ի լուսադեմին Մյունխենի համաժողովից վերադառնալիս «Գախարիան Վրաստանի համար» կուսակցության նախագահ Գիորգի Գախարիային և զինակից, Գերմանիայում Վրաստանի նախկին դեսպան Էլգուջա Խոկրիշվիլիին օդանավակայանում դիմավորել է Իվանիշվիլիի կողմից ուղարկված նախապես կազմակերպված կուսակցական «սոնդեր խումբը», որի գործողություններին նպաստել է տեղում գտնվող և ինչպես նաև նախազգուշացված ոստիկանների բացարձակ անգործությունը։
Հիստերիայի մեջ գտնվող, բռնի ուժը դառնում է անկառավարելի։ Հասկանալի է, որ Իվանիշվիլին վախեցած է Մյունխենի անվտանգության համաժողովի արդյունքներից, և այս հիստերիան հենց դրանով է պայմանավորված։
Մեր քաղաքական ուժը կանի ամեն ինչ, որպեսզի Իվանիշվիլին կորցնի իր համար ամենաթանկը՝ փողն ու իշխանությունը, որպեսզի այլեւս չկարողանա բռնություն գործադրել վրաց ժողովրդի նկատմամբ»,- ասված է կուսակցության հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ Մյունխենի համաժողովի շրջանակում (փետրվարի 14-16) Գիորգի Գախարիան հինգերորդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի նման մի շարք հանդիպումներ է ունեցել եվրոպացի քաղաքական գործիչների հետ։ Լուսանկարչական նյութը հրապարակել է «Գախարիան Վրաստանի համար» կուսակցությունը։
Իվանիշվիլիի «սոնդեր խումբը» ձվեր է նետել Մյունխեն ժամանած ընդդիմության կուսակցության առաջնորդ Գախարիայի վրա

Հասանելի է
русский



























