ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հույս է հայտնել ընդլայնել համագործակցությունը Սաուդյան Արաբիայի հետ տնտեսության եւ պաշտպանության ոլորտներում։ Այս մասին նշվել է պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Թեմի Բրյուսի հայտարարությունում։
Ինչպես նշվել է փաստաթղթում, փետրվարի 17-ին Ռուբիոն Էր Ռիադում հանդիպել է Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բեն Սալման Ալ Սաուդի եւ թագավորության արտաքին գործերի նախարար, արքայազն Ֆեյսալ բեն Ֆարհան Ալ Սաուդի հետ։
«Պետքարտուղարը հույս է հայտնել, որ Միացյալ Նահանգների եւ Սաուդյան Արաբիայի միջեւ տնտեսական եւ պաշտպանական համագործակցությունը կխորանա, ինչպես նաեւ հայտնել է իր հավատարմությունը երկկողմ գործընկերության հետագա ամրապնդմանը»,- նշվել է հայտարարությունում:
«Պետքարտուղարը եւ թագաժառանգը հաստատել են իրենց հավատարմությունը Գազայում հրադադարի պահպանման եւ ՀԱՄԱՍ-ի բոլոր պատանդներին, այդ թվում՝ ամերիկացի քաղաքացիներին ազատելու հանձնառությանը»,- նշվել է փաստաթղթում: Ռուբիոն «ընդգծել է Գազայի համաձայնագրի կարեւորությունը, որը նպաստում է տարածաշրջանային անվտանգությանը»։
Բացի այդ, տեղեկացրել են մամուլի ծառայությունում, կողմերը «քննարկել են Սիրիայում, Լիբանանում եւ ողջ տարածաշրջանում ընդհանուր շահերի առաջմղման ուղիները, ներառյալ անվտանգությունը Կարմիր ծովում եւ նավագնացության ազատությունը»։





























