Ամերիկյան Apple ընկերության հիմնադիր Սթիվ Ջոբսը հետմահու ԱՄՆ ձայնագրման ազգային ակադեմիային հոգաբարձուների խորհրդի պատվավոր մրցանակին է արժանացել` «երաժշտության, հեռուստատեսության, կինոֆիլմերի եւ գրքերի ընկալումը վերափոխած» ապրանքների մշակման գործում զգալի ավանդ ներդնելու համար (iPod խաղարկիչ եւ iTunes Store ինտերնետային խանութ):
«Գրեմի» հոգաբարձուների խորհրդի մրցանակ շնորհվում է այն մարդկանց, ովքեր զգալի ավանդ ունեն երաժշտության ասպարեզում եւ երգիչ կամ երգահան չեն: Դեկտեմբերի 21-ին հոգաբարձուների խորհուրդը հայտարարել է դափնեկիրների անունները:
Մրցանակի են արժանացել նաեւ գործիքավորող Դեյվ Բարտոլոմյուն եւ ձայնային ինժեներ Ռուդի Վան Գելդերը:
«Գրեմի» պատվավոր մրցանակի են արժանացել նաեւ երաժշտության եւ ձայնագրման ասպարեզում նշանակալի ավանդ ներդրած ամերիկյան էստրադայի լեգենդ Դայանա Ռոսը, The Allman Brothers Band խումբը, մրցանակի հնգակի դափնեկիր Գլեն Քեմփբլը:
Պատվավոր «ոսկե գրամոֆոնների» դափնեկիր են դարձել նաեւ կիթառիստ Կառլոս Հոբիմը, փողահար Ուեյն Ջեքսոնը եւ սաքսոֆոնահար Էնդրյու Լավը` «Մեմֆիս Հորնս» դուետից, ջազի լեգենդ Ջորջ Ջոնսը, մայիսի 27-ին վախճանված հայտնի բանաստեղծ եւ երաժիշտ Գիլ Սքոթ-Հերոնը: Նա, ինչպես ակադեմիան է կարծում, մեծ ավանդ է ներդրել ջազի եւ բլյուզի բնագավառում` մեծ ազդեցություն ունենալով նաեւ ռեփի զարգացման վրա:
Պատվավոր մրցանակների հանձնումը տեղի կունենա սովորական «Գրեմի» մրցանակների հանձման ժամանակ: Այն կկայանա 2012թ. փետրվարին, Լոս Անջելեսում, գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:




























