Վաշինգտոնի կենտրոնում գտնվող շենքը, որտեղ նախկինում տեղակայված էր Միջազգային զարգացման գործակալությունը (USAID), զբաղեցրել է Մաքսային և սահմանային վերահսկողության ծառայությունը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Մենք հաջողությամբ վերջ տվեցինք ձախերի խարդախությանը, որը հայտնի էր որպես USAID։ Այն լքել է իր նախկին շենքը, և այժմ այնտեղ կտեղակայվեն Մաքսային և սահմանային վերահսկողության ծառայության աշխատակիցները։ Հիանալի է», – նշել է Թրամփը Պահպանողական քաղաքական գործողությունների համաժողովի (CPAC) ընթացքում։

ԱՄՆ վարչակազմը փետրվարի 3-ին փաստացի դադարեցրել է USAID-ի գործունեությունը։ Թրամփի որոշմամբ, այդ կառույցի ժամանակավոր ղեկավար է նշանակվել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

USAID-ի նկատմամբ այս միջոցառումներն իրականացվել են Իլոն Մասկի առաջարկով, որը Թրամփի կողմից ավելի վաղ նշանակվել էր ԱՄՆ կառավարության արդյունավետության բարձրացման, պետապարատի կրճատման և բյուրոկրատիայի դեմ պայքարի նոր գերատեսչության ղեկավար։