Լոռիի մարզում, դեկտեմբերի 21-ին`ժամը 18.48-ին ահազանգ է ստացվել, որ Տաշիր քաղաքի գերեզմանատան մոտակայքում այրվում է խոտածածք տարածք:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
«Հայանտառ» ՊՈԱԿ-ից տեղեկատվություն է ստացվել, որ Սարատովկա, Նովոսելցովո, Մեդովկա, Կրուգկայա շիշկա, Լեռնահովիտ գյուղերի եւ Տաշիր քաղաքի հարակից տարածքներում հայտնաբերվել է եւս 10-ից 12 հրդեհի օջախ: Գառգառ, Գյուլագարակ եւ Հոբարձ գյուղերում հայտնաբերվել է այրվող խոտածածկի եւս 2 օջախ: Այնուհետեւ տեղեկատվություն է ստացվել, որ առկա է հրդեհի եւս 2 օջախ՝ Պետրովկա - ք.Տաշիր-Կրուգլայա շիշկա-Մեդովկա-Լեռնահովիտ - Սարատովկա եւ Նովոսելցովո - Սարատովկա գյուղերի հատվածում:
Հրդեհի օջախներին մոտենալու համար պահանջվել են են բարձր անցողության տրանսպորտային միջոցներ եւ լրացուցիչ ուժեր: Դեպքի վայր են մեկնել զինծառայողներ` բեռնատար, «ՈՒԱԶ» ավտոմեքենաներով: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են նաեւ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի եւ Տաշիրի քաղաքապետարանի աշխատակիցները, ինչպես նաեւ վերոնշված գյուղերի բնակչությունը:
Հրդեհի օջախները մարվել են ժամը 02.30-ին: Այրվել է 1700 հա խոտածածք եւ 300 հա անտառածածկ տարածք:




























