Հայ օլիգարխների հռետորությունը խոսում է այն մասին, որ նրանք մտադիր չեն դադարեցնել իրենց մասնակցությունը քաղաքական կյանքում եւ ձգտելու են հայտնվել նոր խորհրդարանում:
Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը:
Նրա խոսքով, ԱԺ ներկա կազմը չի արտահայտում հասարակական տրամադրությունները, ինչը շատ ցավալի է. երկրում օլիգարխների թիվն աննշան է` 1 տոկոսից էլ պակաս, սակայն խորհրդարանում նրանք ճնշող մեծամասնություն են կազմում: «Այսօր հայտարարում են, որ կուսակցական ցուցակներում օլիգարխներ չեն լինելու, բայց այստեղ երկու ասպեկտ կա. նախ ինչո՞ւ նրանք կային նախկինում, երկրորդ. ինչո՞ւ նրանք հանկարծ պետք է չլինեն խորհրդարանից: Առաջին դեպքում իշխանությունը չի բացատրել օլիգարխների ներկայությունը խորհրդարանում, երկրորդ դեպքում, եթե դա կամակորություն է կամ մեկ մարդու կամք, ապա ստացվում է, որ իրավիճակն արմատապես չի փոխվելու: Դա տեղի չի ունենում ժողովրդի կամքով, այլ մեկ մարդու կամ նեղ շրջանակի մարդկանց կամքով»,-ասաց պատգամավորը:
Անդրադառնալով օլիգարխ-պատգամավորների գործունեությանը ԱԺ-ում, Ալավերդյանն ընդգծեց. «Մենք բազմաթիվ օրենքներ ենք ընդունել, որտեղ պարզ երեւում էր տնտեսության այս կամ այն ոլորտի, կամ այս կամ այն ձեռնարկության լոբբինգը: Իրականում դա այս կամ այն օլիգարխ-պատգամավորի շահերի լոբբինգն է: Անկասկած, օլիգարխներին գրավում է նաեւ պատգամավորական անձեռնմխելիությունը եւ այն հանգամանքը, որ նրանք մտնում են «իշխանամերձ» խմբերի մեջ: Եվ վերջապես, օլիգարխ-պատգամավորները շատ պետք են, որովհետեւ մեր ողջ բիզնեսը եւ իշխանությունների հետ փոխհարաբերությունները կառուցված են ոչ թե օրենքի վրա, այլ դրանից դուրս:
Օլիգարխները հենվում են ստվերային հարաբերությունների վրա, իսկ դա նշանակում է, որ նրանք միշտ հնազանդ են եւ կատարում են իշխող խմբի կամքը»:
Ալավերդյանի կարծիքով, Հայաստանը գտնվում է քաղաքական կյանքի ձեւավորման այն փուլում, երբ ամեն ինչ որոշում են բիզնես շահերը:




























