Թեեւ շատ է խոսվում Հայաստանում 2012 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ քաղաքական ուժերի միավորման հավանականության մասին, նրանք նախընտրական արշավին կմասնակցեն առանձին: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը:

Նրա խոսքով, իշխող Հանրապետական կուսակցությունը, ԲՀԿ-ն, ՕԵԿ-ը, «Ժառանգությունը», «Ազատ դեմոկրատները» եւ ՀՅԴ-ն ընտրություններին կմասնակցեն առանձին-առանձին:

«Որքան էլ խոսվի քաղաքական միավորումներ ստեղծելու կարեւորության ու անհրաժեշտության մասին, այդուհանդերձ, նախընտրական ցուցակների կազմումը բարդ գործընթաց է, իսկ եթե խոսքը գնում է երկու միավորված կուսակցությունների թեկնածուների ցուցակների մասին, դա էլ ավելի է բարդացնում խնդիրը: Հայաստանում ընտրական ցուցակների կազմումը բավական բարդեցված է, որին գումարվում է նաեւ անհատի գործոնն ու հավակնությունները, որոնք թույլ չեն տալիս քաղաքական ուժերին հաջողության հասնել»,-ասել է Բոզոյանը: