Թերթը գրում է, որ Հայաստանում Ֆրանսիայի գործերի ժամանակավոր հավատարմատարն Իզաբել Գինելը «Երկիր»-ի թղթակցի հետ զրույցում  թեեւ խուսափեց քաղաքական գնահատական տալ Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին, բայց շտապեց նշել, որ օրինագծի ընդունումը Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի` Հայաստան կատարած այցի տրամաբանական շարունակությունն է:

«Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումը լրացնում է 10 տարի առաջ Ֆրանսիայի կողմից Ցեղասպանության ճանաչման մասին օրենքի ընդունման փաստը: Եվ հարկ է նշել, որ օրինագծի ընդունումը միտված է առհասարակ մարդկության դեմ իրագործված բոլոր ոճիրները պատժելուն»,- նշեց Իզաբել Գինելը: Թե որքանով կլարվեն ֆրանս-թուրքական հարաբերությունները, ֆրանսիացի գործիչը կանխագուշակել չի ցանկանում: «Ապագան ցույց կտա»,- նշեց նա եւ հիշեցրեց, որ օրինագիծը դեռ պետք է հաստատվի Սենատում»,- գրում է «Երկիր»-ը: