Թուրքիան առաջին անգամ չէ, որ հետ է կանչում իր դեսպանին Ֆրանսիայից, բայց դիվանագիտական հարաբերություններն այդ երկրի հետ պահպանում է: Այս մասին, այսօր` դեկտեմբերի 23-ին, մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը: Նրա խոսքով, Թուրքիայի նման դիվանագիտությունն արդեն քննադատություն է առաջացնում նաեւ Թուրքիայում:
Ըստ Մանոյանի, Հայոց ցեղասպանության հարցում Թուրքիան սովորել է խոսել սպառնալիքներով ու ցուցադրական քայլերով: Նման քաղաքականությունը տարբեր արտահայտություններ է ունեցել, ընդհուպ մինչեւ Ֆրանսիայի հետ համատեղ ռազմական վարժանքների չեղյալ հայտարարելը: «Անցավ 1-2 ամիս եւ Վաշինգթոնից ազդակ եկավ, որ այդպես շարունակել չի կարելի, քանի որ ԱՄՆ-ին նույնպես անհանգստացնում է ՆԱՏՕ-ի գծով իր երկու կարեւոր դաշնակիցների հարաբերություններում առկա դժվարությունները»,-նշել է դաշնակցական գործիչը:
Հիշեցնենք, որ Թուրքիայի կողմից Ֆրանսիային ուղղված պատժամիջոցներն ու դրանց կիրառման սպառնալիքները կրել են նաեւ տնտեսական բնույթ: Այսպես, 2006-ին, երբ ԱՄՆ խորհրդարանի ստորին պալատի կողմից առաջին ընթերցմամբ ընդունվեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը, Թուրքիան արգելափակեց ֆրանսիական Gaz de France ընկերության մասնակցությունը Nabucco նախագծում: «Նման քայլերը, ինչպես նաեւ Էրդողանի ցուցադրական վարքը Դավոսում, բավական հստակ բնորոշում են Թուրքիայում իշխանության ղեկին գտնվող մարդկանց»,-ամփոփել է նա:




























