ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի թուլացնի ճնշումը Մեքսիկայի, Կանադայի և Չինաստանի վրա՝ ֆենտանիլի հետ կապված մաքսատուրքերի հարցում, կիրակի օրը հայտարարել է ԱՄՆ առևտրի նախարար Հովարդ Լաթնիկը։

«Եթե ֆենտանիլը վերջանա, կարծում եմ՝ դրանք կհանվեն: Բայց եթե ֆենտանիլը չվերջանա կամ նա վստահ չլինի դրանում, ապա այդպես կմնա այնքան ժամանակ, քանի դեռ հարմար չի դառնա,- ասել է Լաթնիկը NBC-ին:- Սա սև ու սպիտակ է: Մենք պետք է փրկենք ամերիկացիների կյանքը»:

Պողպատի և ալյումինի ներմուծման համար ԱՄՆ-ի 25% մաքսատուրքերն ուժի մեջ կմտնեն չորեքշաբթի, ինչպես նախատեսված էր, ասել է Լաթնիկը հարցազրույցի ընթացքում։ Կանադան և Մեքսիկան այս մետաղների խոշորագույն արտահանողներն են ԱՄՆ շուկաներ, ընդ որում, Կանադային բաժին է հասնում ալյումինի ներմուծման մեծ մասը:

Լաթնիկը նաև հերքել է այն մտահոգությունները, որ Թրամփի գլոբալ մաքսատուրքերը ԱՄՆ-ում  կհանգեցնեն ռեցեսիայի:

«Բացարձակապես ոչ,- ասել է նա։- Ամերիկայում ռեցեսիա չի լինի».

Միևնույն ժամանակ, առևտրի նախարարը խոստովանել է, որ մաքսատուրքերը կհանգեցնեն ամերիկացի սպառողների համար արտասահմանյան արտադրության ապրանքների գների բարձրացմանը։

«Օտարերկրյա արտադրության որոշ ապրանքներ կարող են թանկանալ, բայց ամերիկյան ապրանքները կէժանանան, և սա է խնդրի էությունը»,- ասել է Լաթնիկը։