Լեհաստանը, որը վճարում է Starlink արբանյակային համակարգի ուկրաինական ինտերնետ ծառայությունը, կարող է այլընտրանք գտնել, եթե պարզվի, որ ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկի ընկերությունն «անվստահելի է», ասել է Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին։
Starlink-ը կարևոր ինտերնետային կապ է ապահովում է Ուկրաինայի և նրա բանակի համար: Ամերիկյան բանակցողները, որոնք ձգտում են Ուկրաինայի համար կարևոր հանքային պաշարներին, բարձրաձայնել են այդ ծառայությունը Ուկրաինայի համար դադարեցնելու հնարավորությունը, փետրվարին Reuters-ին հայտնել են խնդրին ծանոթ աղբյուրները:
«Starlink-ը Ուկրաինայի համար վճարում է Լեհաստանի թվայնացման նախարարությունը և այն արժի տարեկան մոտ 50 միլիոն դոլար,- նշել է Սիկորսկին։- Եթե պարզվի, որ SpaceX-ը անհուսալի մատակարար է, մենք ստիպված կլինենք այլ մատակարարներ փնտրել»:
Մասկը կիրակի օրը X սոցիալական ցանցում կատարած գրառման մեջ ասել է, որ «ուկրաինական ամբողջ առաջնագիծը կփլուզվի, եթե ես անջատեմ Starlink-ը»:
ԱՄՆ կառավարությունն արդեն չեղարկել է արբանյակային նկարահանումներին Ուկրաինայի հասանելիությունը և դադարեցրել հետախուզական տվյալների փոխանակումը՝ ճնշում գործադրելով Կիևի վրա, քանի որ Թրամփը ցանկանում է շուտափույթ դադարեցնել պատերազմը:





























