ԱՄՆ Արդարադատության նախարարության թմրամիջոցների և կազմակերպված հանցավորության դեմ պայքարի առանցքային թիրախային խմբի ղեկավարն ուրբաթ օրը հեռացվել է աշխատանքից, քանի որ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը որոշել է զտում իրականացնել կամ պաշտոնից հեռացնել կարիերիստ պաշտոնյաներին, հայտնում է Reuters-ը:

Ադամ Քոհենը, որը զբաղեցնում էր Կազմակերպված հանցավորության և թմրամիջոցների դեմ պայքարի խմբի ղեկավարի պաշտոնը, սոցցանցերում հայտնել է, որ իրեն աշխատանքից ազատել է գլխավոր դատախազի տեղակալ Թոդ Բլանշը։

Քոհենի հեռացումը տեղի է ունեցել ընդամենը 18 ժամ անց այն բանից հետո, երբ Բլանշը հրապարակել է ծառայողական մի գրություն, որի կազմելուն օգնել էր Քոհենը և որում ասվում էր, որ իր ղեկավարած աշխատանքային խումբը նոր առաջատար դեր է ստանձնելու անօրինական ներգաղթի դեմ պայքարի, «Վերադարձրու Ամերիկան» կոչվող նախաձեռնության շրջանակում:

«Դա շոկ էր»,- գրել է Քոհենը LinkedIn-ում իր աշխատանքից ազատվելու մասին՝ նշելով, որ ինքը կանոնավոր կերպով հանդիպել է ղեկավարության հետ՝ բռնի հանցագործության դեմ պայքարի նախաձեռնությունները քննարկելու համար:

«Վատ տղաներին բանտ նստեցնելը այնքան  ապաքաղաքական էր, որքան հնարավոր էր,- գրել է նա։- Իմ անձնական քաղաքականությունը երբեք ակտուալ չի եղել։ Մինչև երեկ՝ ոչ»։

Միաժամանակ ուրբաթ օրը Նյու Յորքի Հարավային շրջանի դատախազի երեք օգնական, որոնցից երկուսը մասնակցել են Նյու Յորքի քաղաքապետ Էրիկ Ադամսի դեմ կոռուպցիոն հետաքննությանը, ԱՄՆ դատախազի պաշտոնակատար Մեթյու Պոդոլսկիի ներքին էլեկտրոնային նամակի համաձայն, ուղարկվել են վարչական արձակուրդի,  տեղեկացնում է Reuters-ը:

Երեք փաստաբանների հեռացումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Վաշինգտոնի և Նյու Յորքի Արդարադատության դեպարտամենտի ութ դատախազներ հրաժարական են տվել՝ բողոքելով Թուրքիայի հետ Ադամսի կոռուպցիոն կապերի մեղադրանքը հանելու մասին միջնորդությունը մերժելու դեմ: