«Ոչինչ չի անտեսվում», երբ խոսքը վերաբերում է պաշտպանության համար միջոցներ հայթայթելուն, ասել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ նախազգուշացնելով, որ «եվրոպական արժեքները, ինչպիսիք են ժողովրդավարությունը և օրենքի գերակայությունը, վտանգի տակ են  գործարքային դարձող աշխարհում», հայտնում է The Guardian-ը։

Առանց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անունը տալու՝ ԵՄ գործադիր իշխանության ղեկավարը լրագրողներին հայտարարել է, որ աշխարհաքաղաքական ոլորտում «նոր հրատապության զգացում է առաջացել և հիմնարար ինչ-որ բան է փոխվել» այն պահից, երբ դեկտեմբերի 1-ից՝ գրեթե 100 օր առաջ, ինքը սկսել է իր երկրորդ ժամկետը։

«Մեր եվրոպական արժեքները, ժողովրդավարությունը, ազատությունը, օրենքի գերակայությունը սպառնալիքի տակ են,- հայտարարել է  ֆոն դեր Լայենը լրագրողներին կիրակի օրը կայացած մամուլի ասուլիսում։- Մենք տեսնում ենք, որ ինքնիշխանությունը, ինչպես նաև երկաթե պարտավորությունները կասկածի տակ են դրվում։ Ամեն ինչ գործարքային է դարձել»։

Անցյալ շաբաթ ԵՄ առաջնորդները խոստացան կտրուկ մեծացնել ռազմական ծախսերն այն ​​բանից հետո, երբ ֆոն դեր Լայենը ներկայացրեց 800 միլիարդ եվրոյի ծրագիրը, որը թույլ կտա անդամ երկրներին վարկեր վերցնել և մեծացնելել ազգային պարտքերը՝ առանց բլոկի խիստ ֆիսկալ կանոններին համապատասխան տուգանվելու: