Ռումինիայի ընտրական մարմինը կիրակի օրը մերժել է Կելին Ջորջեսկուի թեկնածությունը կրկնակի նախագահական ընտրություններում, հաղորդում է Associated Press-ը:
Ուրբաթ օրը 62-ամյա Ջորջեսկուն մայրաքաղաք Բուխարեստում առաջադրեց իր թեկնածությունը, ինչից հետո Կենտրոնական ընտրական գրասենյակը 48 ժամ ուներ նրան գրանցելու կամ մերժելու համար։
Թե ինչ հիմքով է մերժվել նրա թեկնածությունը, դեռևս հայտնի չէ, որոշման ամբողջական տեքստը խոստացել են հրապարակել ընտրական մարմնի կայքում։
Որոշումը կարող է բողոքարկվել Սահմանադրական դատարանում 24 ժամվա ընթացքում։
Ռումինիայի բարձրագույն դատարանը դեկտեմբերին ընտրությունների երկրորդ փուլից երկու օր առաջ չեղյալ է հայտարարել քվեարկության արդյունքները՝ վկայակոչելով Ջորջեսկուի օգտին Ռուսաստանի միջամտության մասին մեղադրանքները, որոնք Մոսկվան հերքել է:
Ջորջեսկուի նկատմամբ վեց կետով քրեական գործ է հարուցվել, այդ թվում՝ ֆաշիստական կազմակերպության անդամ լինելը և քարոզարշավի ֆինանսավորման մասին կեղծ տեղեկություններ տարածելը։ Նա հերքում է բոլոր մեղադրանքները: Դատարանը հնարավոր հայցերի վերաբերյալ որոշում պետք է կայացնի մինչև մարտի 19-ը:





























