Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարարությունը քննարկում է դեպի Գառնի-Գեղարդ նոր, այլընտրանքային ճանապարհ կառուցելու հարցը, որը պետք է շրջանցի Ողջաբերդ գյուղը: Այդ մասին NEWS.am-ին հայտնեց ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանը:
Երեւան-Գառնի ճանապարհը Հայաստանի տուրիստական ամենածանրաբեռնված երթուղիներից է, սակայն Ողջաբերդի հատվածում այն մշտապես ենթակա է սողանքի ազդեցությանը: Տարիներ շարունակ համարվել է, որ Ողջաբերդը շրջանցող այլընտրանքային ճանապարհի կառուցումը աննպատակահարմար է: Խնդիրն այն է, որ սողանքը տարածվում է մինչեւ Շորբուլաղ, այսինքն` հարավային մասից նոր ճանապարհի կառուցումն անիմաստ է: Մնում է հյուսիսային մասը, սակայն Ողջաբերդը գտնվում է բարձր սարերի անմիջապես ստորոտում: Սարերի վրայով նոր ճանապարհի կառուցումը ոչ միայն ծախսատար է, այլեւ ձմռան ամիսներին բավական խնամք է պահանջելու բաց պահելու համար:
Այնուամենայնիվ` Մ. Վարդանյանը նշեց, որ սարի վրայով նոր ճանապարհ անցկացնելու հարցը նորից հայտնվել է մասնագետների ուշադրության կենտրոնում, ու դրական եզրակացության դեպքում` չի բացառվում սկսել նոր ճանապարհի շինարարությունը:




























