Ամենամեծ կենդանին, որը երբեւէ գոյություն է ունեցել Երկրի վրա, այսօր էլ կենդանի է եւ շրջում է օվկիանոսներով: Սակայն ցամաքային կաթնասունների մեծ մասը, նույնիսկ տպավորիչ չափերի փղերը, հզոր բրախիոզավրերի համեմատ, նման են փոքրիկ նժույգների: Բայց ինչո՞ւ է այդպես։ Գիտնականները կարծես թե ունեն պատասխանը, գրել է IFLScience-ը։
Գիտնականները կարծում են, որ մենք, ամենայն հավանականությամբ, երբեք չենք տեսնի ցամաքային կաթնասուն, որը մոտ կլինի բրախիոզավրի չափերին: Հայտնի է, որ դինոզավրերը եղել են Երկրի ամենամեծ կենդանիները, մինչ մոտ 66 միլիոն տարի առաջ աստերոիդի հարվածը հանգեցրել է նրանց անհետացմանը, հայտնել է «Ֆոկուսը»։ Դինոզավրերի մահից հետո ամբողջ աշխարհում կաթնասունները սկսել են ավելանալ՝ լրացնելով նրանց պարապ թողած տեղը:
Ջորջիայի համալսարանի Օդումի էկոլոգիայի դպրոցի պրոֆեսոր Ջոն Գիթլմանի խոսքով՝ կաթնասունները մեզոզոյան դարաշրջանում բավական փոքր էին, բայց դինոզավրերի անհետացումից հետո սկսել են զարգանալ, ինչի արդյունքում ավելի մեծ մարմիններ են ձեռք բերել: Գիտնականները վստահ են, որ դիվերսիֆիկացիան հնարավորություն է տվել լրացնել դինոզավրերի անհետացումից հետո ազատված էկոլոգիական բաց խորշերը:
Հսկա կաթնասունները կատարել են նմանատիպ էկոլոգիական դեր ամբողջ աշխարհում: Պրոֆեսոր Գիթլմանը նշել է, որ գիտնականների հայտնաբերած օրինաչափության հետեւողականությունը ենթադրում է, որ ողջ երկրագնդի կենսաշխարհը արձագանքում է նույն բնապահպանական սահմանափակումներին:
Դրանցից մեկը, որը լրացրել է դինոզավրերի անհետացումից մնացած խորշը, Paraceratherium-ն էր՝ ռնգեղջյուրի հնագույն նախնին, որը կշռում էր 15-20 տոննա եւ մոտ 5 մետր բարձրություն ուներ:
Կենսաբան Ֆելիս Սմիթի խոսքով՝ կաթնասունները էնդոթերմ են: Պարզ ասած՝ նրանք կարգավորում են իրենց մարմնի ջերմաստիճանը, հետեւաբար սպառում են անհավատալի քանակությամբ էներգիա: Հետազոտությունները ցույց են տալիս, որ որոշակի չափսի կաթնասունները կարող են 10 անգամ ավելի շատ էներգիա սպառել, քան նույն չափի սողուններն ու դինոզավրերը։
Այս ամենը մատնանշում է, որ կաթնասունները պարզապես չեն կարող ունենալ այնպիսի մարմիններ, որքան ամենամեծ դինոզավրերը, որոնք նախկինում ապրել են Երկրի վրա: Դա պայմանավորված է նրանով, որ նրանք պետք է օգտագործեն իրենց ֆիզիկական էներգիայի մեծ մասը, որը ստացվում է կերակուրից, իրենց մարմինը տաքացնելու համար:
Օրինակ՝ կենդանի մնալու համար մարդիկ պետք է պահպանեն մարմնի ջերմաստիճանը մոտ 37 աստիճան Ցելսիուսի սահմաններում: Սակայն դինոզավրերը, ինչպես եւ ժամանակակից սողունները, կարիք չունեին կարգավորելու իրենց մարմնի ջերմաստիճանը. Արդյունքում՝ նրանք կարող էին օգտագործել լրացուցիչ էներգիան իրենց մարմինը մեծացնելու համար: Այսպիսով, գիտնականները վստահ են, որ ցամաքային կաթնասունները երբեք չեն կարողանա հասնել դինոզավրերի մարմնի չափերին, սակայն մողեսները տեսականորեն դեռ ունակ են դրան:





























