«Լասկովի մայ» ռուսական խմբի նախկին պրոդյուսեր Անդրեյ Ռազինը եւ մեներգիչ Յուրի Շատունովը որոշել են խմբի ֆան-ակումբների հիման վրա ստեղծել «Մայ» անվանումով կուսակցություն: Այդ մասին դեկտեմբերի 24-ին լրագրողներին հայտնել է Անդրեյ Ռազինը:
Կուսակցության գլխավոր խնդիրը մանկատան սաներին (խմբի մասնակիցներն իրենք էլ մանկատան երեխաներ են եղել), ինչպես նաեւ հաշմանդամներին եւ անտուն երեխաներին օգնելն է: Ռազինը հավելել է, որ «Մայ» կուսակցությունը երիտասարդներին կոչ է անելու մեկնել գյուղերում աշխատելու, ինչպես նաեւ «համայնքներ ստեղծել գյուղական բնակավայրերում, տուն կառուցել եւ փոքր բիզնես սկսել»:
Ռազինը տեղեկացրել է, որ կուսակցության առաջնորդը Շատունովը կլինի, իսկ ինքը կգլխավորի գլխավոր խորհուրդը: «Կուսակցությունը կստեղծվի ֆան-ակումբների հիման վրա, որոնք կան Ռուսաստանի բոլոր քաղաքներում: Ֆան-ակումբների բոլոր անդամները կընդգրկվեն կուսակցությունում»,- ասել է Ռեզինը եւ հավելել, որ «Մայ» կուսակցության բոլոր անդամները իրավունք կունենան անվճար հաճախել խմբի համերգներին: Կուսակցության շտաբը կգտնվի Սոչիում, որտեղ ապրում է Շատունովը:
Ռազինը ներկայացրել է նաեւ նոր կուսակցության հետագա ծրագրերը. սկզբում մասնակցություն շրջանային ընտրություններին, 2017թ.` Պետդումայի ընտրություններին, 2018թ.` նախագահական ընտրություններին, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:




























