Հնագետներն անսովոր կմախքներ են հայտնաբերել եգիպտական բուրգերից մեկում։ Հայտնագործությունը կարող է վերափոխել Եգիպտոսի կրոնական շինությունների պատմությունը, գրել է DailyMail-ը։
Համարվում է, որ Հին Եգիպտոսում բուրգերի ներսում թաղվելը մեծ պատիվ էր եւ վերապահված էր հարուստ ազնվականներին: Սակայն վերջերս հայտնաբերված կմախքները ծանր ֆիզիկական աշխատանքի հետքեր են ցույց տվել, տեղեկացրել է «Ֆոկուսը»։ Սա վկայում է այն մասին, որ նրանք չեն եղել արտոնյալ անձանց թվում։
Գիտնականները կարծում են, որ այդ մարդիկ սովորական աշխատողներ էին, որոնք իրենց ապրուստը վաստակում էին քրտնաջան աշխատանքով: Ինչ-ինչ պատճառներով նրանք թաղվել են ազնվականության հետ։
«Բուրգաձեւ դամբարանները, որոնք ժամանակին համարվում էին միայն էլիտայի վերջին հանգրվանը, կարող էին նաեւ որպես այդպիսին ծառայել ցածր կարգավիճակ եւ բարձր որակավորում ունեցող աշխատողների համար»,- նշել են հետազոտության հեղինակները:
Այս բացահայտումը, հնագետների խոսքով, կարող է փոխել եգիպտական բուրգերի ողջ պատմությունը։
Հայտնագործությունը կատարվել է Տոմբոս հնագիտական վայրում, որը գտնվում է Եգիպտոսին սահմանակից ժամանակակից Սուդանում, Նեղոս գետի մոտ: Այն դարձել է կարեւոր կենտրոն՝ եգիպտացիների կողմից Նուբիայի՝ Նեղոսի երկայնքով գտնվող շրջանի գրավումից հետո, մ.թ.ա. մոտ 1500թ.։
Համարվում է, որ Տոմբոսի բնակչությունը բաղկացած էր փոքր պաշտոնյաներից, արհեստավորներից եւ գրագիրներից՝ կարդալ եւ գրել իմացող մարդկանցից: Տոմբոսում հայտնաբերվել են առնվազն հինգ կավե բուրգերի ավերակներ։ Դրանցից մի քանիսը պարունակում էին մարդկային մնացորդներ եւ խեցեղեն՝ մեծ ծաղկամաններ եւ սափորներ:
Բուրգերի ամենամեծ համալիրը պատկանում էր Սիամունին՝ Եգիպտոսի վեցերորդ փարավոնին 21-րդ դինաստիայի օրոք (մ.թ.ա. 1077-ից մինչեւ մ.թ.ա. 943թ.): Բուրգը ներառում էր մեծ բակ եւ զարդարված էր թաղման՝ կավից պատրաստված փոքրիկ կոներով, որոնք օգտագործվում էին որպես զարդարանք կամ խորհրդանշական ընծաներ:
Հենց Տոմբոսի կմախքներում են անսպասելի տարբերություններ հայտնաբերվել: Որոշ կմախքներ պատկանել են մարդկանց, որոնք ֆիզիկապես ակտիվ չեն եղել իրենց կյանքի ընթացքում, իսկ մյուսները ավելի ակտիվ են եղել:
Հետազոտողները ենթադրում են, որ հին եգիպտացիները հավանաբար հավատում էին, որ աշխատողներին տերերի հետ թաղելը նշանակում է, որ վերջիններս կշարունակեն ծառայել հանդերձյալ կյանքում: Թիմը նշել է, որ հետազոտությունը մարտահրավեր է նետում «եգիպտագիտության ոլորտում վաղուց տիրող ենթադրությանը»:
«Եթե ֆիզիկապես զարգացած մարդիկ իսկապես ունեին ավելի ցածր սոցիալական կարգավիճակ, ապա դա հակասում է ընդհանուր ընդունված տեսակետին, որ միայն վերնախավն է ենթարկվել մոնումենտալ դամբարաններում հուղարկավորվելուն»,- ամփոփել են գիտնականները:



























