Պեկինը պատրաստակամություն է հայտնել համագործակցել Վաշինգտոնի հետ՝ հիմնվելով հավասարության եւ փոխադարձ հարգանքի սկզբունքների վրա։ Այս մասին հայտնել է Չինաստանի արտգործնախարար Վան Ին Պեկինում ԱՄՆ-Չինաստան հարաբերությունների ազգային կոմիտեի տնօրենների խորհրդի գործադիր փոխնախագահ Էվան Գրինբերգի հետ հանդիպմանը։
«Չինաստանը պատրաստ է երկխոսություն եւ բանակցություններ վարել Միացյալ Նահանգների հետ հավասարության եւ փոխադարձ հարգանքի հիման վրա՝ միմյանց օրինական մտահոգությունները լուծելու համար»,- ասել է Վան Ին Չինաստանի ԱԳՆ-ում։
Նախարարի գնահատմամբ՝ չին-ամերիկյան հարաբերությունները զարգացման զգալի փուլում են։ «Երկու կողմերն էլ պետք է առաջնորդվեն երկու երկրների ղեկավարների կարեւոր կոնսենսուսով եւ տեսլականով, ամրապնդեն փոխանակումները, բարելավեն փոխըմբռնումը, խուսափեն սխալ դատողություններից եւ հարթեն տարաձայնությունները»,- ասել է արտգործնախարարը։ Նրա խոսքով՝ Չինաստանը եւ ԱՄՆ-ը ունեն լայն շահեր եւ լայն տարածք համագործակցության համար, կարող են հաջողության հասնել եւ օգուտ բերել աշխարհին։
Ամերիկա-չինական հարաբերությունների ազգային կոմիտեն հիմնադրվել է ԱՄՆ-ում 1966թ. «Չինաստանին հետեւելու» խմբի կողմից, որոնք ներկայացնում են քաղաքացիական, կրոնական եւ գործարար համայնքները: Ոչ առեւտրային կրթական կազմակերպության նպատակն է բարելավել երկու երկրների քաղաքացիների միջեւ փոխըմբռնումը:





























