Մոտ 3,5 միլիոն սիրիացիներ, որոնք վերջին 14 տարիների ընթացքում զինված հակամարտությունների պատճառով դարձել են փախստականներ եւ ներքին տեղահանվածներ, պատրաստ են հաջորդ տարվա ընթացքում վերադառնալ իրենց նախկին բնակության վայրերը, եթե առկա լինեն անհրաժեշտ կենսապայմաններ։ Նման պայմանների ստեղծումը ներդրումներ կպահանջի երկրի վերակառուցման եւ զարգացման համար, ասել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի հումանիտար հարցերով տեղակալ Թոմ Ֆլեթչերը։
Նա ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստում ելույթ է ունեցել Սիրիայում տիրող իրավիճակի վերաբերյալ։ Ելույթի տեքստը հրապարակել է ՄԱԿ հումանիտար հարցերի համակարգման վարչությունը:
«Մենք պետք է գործենք մեծ հրատապությամբ՝ ներդրումներ կատարելու համար Սիրիայում վերականգնման, վերակառուցման եւ զարգացման գործում», - ասել է Ֆլեթչերը։ «Սրա համար չափազանց կարեւոր կլինի ծառայությունների ընդլայնումը: ՄԱԿ փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի տվյալներով՝ 3,5 միլիոն ներքին տեղահանվածներ եւ փախստականներ պատրաստ են հաջորդ տարի վերադառնալ իրենց տները, հիմնական պայմանների՝ բնակարան, էլեկտրականություն, ջուր, սանիտարական պայմաններ, կրթություն, աշխատանք առկայության դեպքում»: Ինչպես ընդգծել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը, դա կպահանջի «ներդրումներ եւ ժամանակ»՝ հաշվի առնելով «[Սիրիայի նկատմամբ] գործող պատժամիջոցների եւ այլ սահմանափակումների բարդ ցանցը, ինչպես նաեւ ավերածությունների եւ կարիքների մասշտաբները»:
Ֆլեթչերը հիշեցրել է, որ այժմ Սիրիայում «ավելի քան 16 միլիոն մարդ՝ բնակչության գրեթե երեք քառորդը, չունի բավարար սնունդ, ջուր, ապաստան եւ ծառայություններ»: Նա ուշադրություն է հրավիրել Սիրիայում մարդասիրական ծրագրերի ֆինանսավորման դժվարությունների վրա։ Մինչ օրս դոնորները տրամադրել են այդ նպատակով անհրաժեշտ 2 մլրդ դոլարից ընդամենը մոտ 155 մլն դոլարը, այսինքն՝ մինչեւ հունիս պահանջվող գումարի 13 տոկոսը։ Օտարերկրյա օգնությունը կրճատելու ԱՄՆ վարչակազմի որոշման պատճառով «ԱՄՆ-ի կողմից ֆինանսավորվող կազմակերպությունների գրեթե կեսը ստացել է ամբողջական կամ մասնակի փակման հրամաններ, իսկ մարդասիրական անձնակազմը երկրում կրճատվել է 40 տոկոսով»: «Մեզ ավելի շատ գումար է պետք՝ ավելի շատ կյանքեր փրկելու համար»,- եզրափակել է Ֆլեթչերը:





























