ԱՄՆ կոնգրեսականները սկսել են ավելի զգույշ օգտագործել Signal մեսենջերը այն բանից հետո, երբ The Atlantic-ի գլխավոր խմբագիր Ջեֆրի Գոլդբերգն ընդգրկվել է մասնավոր չաթում, որտեղ Վաշինգտոնի վարչակազմի պաշտոնյաները քննարկել են Եմենին հասցվող ամերիկյան հարվածները, գրել է Axios պորտալը։
Շատ օրենսդիրների, լրագրողների եւ աշխատակիցների համար Signal մեսենջերը գաղտնի քննարկումների անբաժանելի գործիք է, ոմանք օգտագործում են միայն այն, նշվել է հրապարակման մեջ։ Հանրապետական օրենսդիրներից մեկը պորտալին հայտնել է, որ սկանդալից հետո, ամեն դեպքում, լուսանկարը հանել է իր պրոֆիլից եւ անունը կրճատել է՝ սկզբնատառեր դարձնելով։ Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Ջարեդ Հաֆմանը դժգոհել է, որ հաքերներն անընդհատ փորձում են Signal-ը օգտագործել ֆիշինգային գրոհների համար։
Գոլդբերգը մարտի 24-ին հոդված է հրապարակել, որտեղ հայտնել է, որ մարտի 11-ին Signal մեսենջերին միանալու հարցում է ստացել Մայք Ուոլթց մականունով (Ամերիկայի նախագահի ազգային անվտանգության գծով օգնական) օգտատիրոջից։ Երկու օր անց լրագրողը ծանուցում է ստացել, որ իրեն ընդգրկել են «Հութիներ. փոքր խումբ» կոչվող խմբային չաթում։ Գոլդբերգի խոսքով՝ այն բաղկացած է եղել 18 հոգուց, այդ թվում՝ Ջեյ Դի Վենս (ԱՄՆ փոխնախագահի անունը) մականունով օգտատերը։ Մի քանի օրվա ընթացքում զրուցասենյակը «հետաքրքրաշարժ քաղաքական քննարկումների» մեջ էր, նշվել է հոդվածում։ Ինչպես հայտնել է լրագրողը, Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի մամուլի քարտուղար Բրայան Հյուզը հաստատել է Signal-ում խմբային զրույցի իսկությունը։





























