Ամերիկացիների գրեթե կեսը դեմ է Գրենլանդիայի (տարածք Դանիայի կազմում լայն ինքնավար իրավունքներով) եւ Կանադայի ներառմանը Միացյալ Նահանգների կազմում: Այս մասին վկայում են Yahoo News պորտալի եւ YouGov հասարակական կարծիքի հետազոտման ինստիտուտի անցկացրած հարցման արդյունքները։

Հարցվածների 57 տոկոսը դեմ է արտահայտվել ԱՄՆ-ին Կանադայի միանալուն։ Գրենլանդիայի բռնակցման հակառակորդների թիվը կազմել է 49 տոկոս: Դրան միանշանակ կողմ է հարցման մասնակիցների համապատասխանաբար 17ը եւ 19 տոկոսը։ Այս հարցերում չեն կողմնորոշվել 26 եւ 32 տոկոսը։ Հարցվածների 69 տոկոսը նշել է, որ դրական է վերաբերվում կանադացիներին։ Հարեւան երկրի նկատմամբ բացասական վերաբերմունք ունեցողները կազմել են 13 տոկոս։

Հարցումն անցկացվել է մարտի 20-24-ը, որին մասնակցել է ԱՄՆ մոտ 1,7 հազար բնակիչ։ Վրիպանքի սահմանը կազմել է 2,7 տոկոսային կետ։

Նախագահ Դոնալդ Թրամփը հունվարի 7-ին հայտնել է, որ Գրենլանդիան պետք է միանա Միացյալ Նահանգներին։ Նա սպառնացել է բարձր առեւտրային մաքսատուրքեր սահմանել Դանիայի հանդեպ, եթե նա չհրաժարվի կղզուց։ Նույնիսկ իր առաջին նախագահական ժամկետում (2017-2021) նա առաջարկել էր գնել Գրենլանդիան։ Ինչպես այն ժամանակ, Դանիայի եւ Գրենլանդիայի իշխանությունները մերժել էին այդ գաղափարը։

ԱՄՆ նախագահը նաեւ բազմիցս ասել է, որ կանադացիներից շատերը կողմ են, որ իրենց երկիրը դառնա ԱՄՆ 51-րդ նահանգը։ Վարչապետ Մարկ Քարնին, ինչպես եւ իր նախորդ Ջասթին Թրյուդոն, հայտնել է, որ իր երկիրը երբեք եւ ոչ մի ձեւով չի դառնա Միացյալ Նահանգների մաս։