BBC-ի թղթակից Մարկ Լոուենը չորեքշաբթի Ստամբուլում ձերբակալվելուց հետո արտաքսվել է Թուրքիայից, հայտնում է BBC News-ը։

Լոուենը մի քանի օր էր, ինչ Թուրքիայում էր՝ անցած շաբաթ Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալությանն առնչվող շարունակվող բողոքի ցույցերի մասին ռեպորտաժ հաղորդելու համար։

«Այսօր առավոտյան (մարտի 27) թուրքական իշխանությունները արտաքսել են BBC News-ի թղթակից Մարկ Լոուենին Ստամբուլից՝ նախորդ օրը նրան հյուրանոցում ձերբակալելուց և 17 ժամ պահելուց հետո: Հինգշաբթի առավոտյան նրան գրավոր ծանուցում է տրվել, որ իրեն արտաքսելու են «հասարակական կարգին վտանգ ներկայացնելու համար»,-ասված է հեռուստաալիքի հայտարարության մեջ:

«Մարկն անչափ փորձառու թղթակից է, որը լավ գիտի Թուրքիան, և ոչ մի լրագրող չպետք է նման վերաբերմունքի արժանանա սոսկ նրա համար, որ իր գործն է անում: Մենք կշարունակենք անաչառ և արդարացիորեն հաղորդել Թուրքիայում տեղի ունեցող իրադարձությունների մասին»,- հավելել է BBC News-ի գլխավոր տնօրեն Դեբորա Թըրնեսը։