«Հայփոստ»-ը դեկտեմբերի 26-ին վերաբացել է Կոտայքի մարզի Հրազդան եւ Չարենցավան քաղաքների, Գեղարքունիքի մարզի Վարդենիկ եւ Ծովագյուղ գյուղերի փոստային մասնաճյուղերն ու բաժանմունքները: Ինչպես NEWS.am-ին տեղեկացրին «Հայփոստ»-ի հասարակայնության հետ կապերի ծառայությունից, նորացված փոստային բաժանմունքները հագեցած են անվտանգության եւ ազդանշանային համակարգերով, տեսագրային սարքավորումներով: Բաժանմունքներում իրականացվում է 24-ժամյա վերահսկողություն:

Գեղարքունիքի եւ Կոտայքի մարզերի բաժանմունքներում նորացվել են աշխատանքային ստանդարտները, փոխվել եւ թարմացվել են ենթակառույցները, տեղադրվել են արդի ծրագրերին համապատասխանող նոր համակարգիչներ, նորացվել է մալուխային համակարգը:

Նոր ենթակառույցների եւ օնլայն ցանցի կիրառումն այսուհետ հնարավորություն կտա ավելի արագ եւ օպերատիվ փոստային, ֆինանսական եւ կոմերցիոն ծառայություններ մատուցել Վարդենիկի, Ծովագյուղի, Հրազդանի եւ Չարենցավանի բնակիչներին:

Տեղեկացնենք, որ մինչեւ տարեվերջ նախատեսվում է վերաբացված բաժանմունքների թիվը հասցնել է 104-ի` ինչպես Երեւանում, այնպես էլ` հանրապետության մարզերում: