Հայաստանի հանրապետական կուսակցության Երեւանի տարածքային կազմակերպությունները Ամանորի կապակցությամբ նվերներ են պատրաստել Երեւանի սոցիալապես անապահով 30.000 ընտանիքների համար, ինչպես նաեւ նվերներ ու անակնկալներ մայրաքաղաքի 35.000 երեխաների համար:
ՀՀԿ-ից հայտնում են, որ Քանաքեռ-Զեյթունի տարածքային գրասենյակներում այս օրերին ամանորյա փաթեթներ են ստանում շուրջ 1300 բնակիչներ, որոնց թվում հաշմանդամներ, Երկրորդ աշխարհամարտի վետերաններ, ազատամարտի մասնակիցներ, միայնակ թոշակառուներ:
300 բնակիչներ, մասնավորապես Երկրորդ աշխարհամարտի վետերանները եւ զոհված ու վիրավոր ազատամարտիկների ընտանիքները, իրենց համար նախատեսված տոնական փաթեթները ստանում են ՀՀԿ Քանաքեռ-Զեյթուն տարածքային կազմակերպության Ազատության 8 հասցեի գրասենյակից:
Բացի այդ, ՀՀԿ-ի Նոր Նորքի տարածքային կազմակերպությունը Ամանորյա անակնկալ է պատրաստել 350 փոքրիկների համար: Տոնական համերգի հանդիսատեսներն էին Նոր Նորքի մանկապարտեզների եւ մշակույթի տների երեխաները: Համերգի ավարտին բոլոր երեխաները նվերներ են ստացել Ձմեռ պապից եւ սիրված մուլտկերպարներից:
Իսկ ՀՀԿ Շենգավիթի տարածքային կազմակերպությունը տոնածառի շուրջ էր համախմբել շենգավիթցի փոքրիկներին, ինչպես նաեւ մեծերին:
Նշենք, որ քաղաքական որոշակի շրջանակներում այս գործունեությունը համարվում է որպես ընտրակաշառք, հաշվի առնելով, որ 2012-ի մայիսին Հայաստանում խորհրդարանական ընտրություններ են կայանալու:



























