2011 թվականին ըստ ոլորտների կատարած աշխատանքների գնահատման եւ վերլուծության արդյունքում առաջին երեք տեղերը զբաղեցրած Ավան, Դավթաշեն եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ղեկավարներ Մանվել Ջավադյանը, Արթուր Գեւորգյան եւ Արայիկ Քոթանջյանը Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի որոշմամբ պարգեւատրվել են Երեւանի քաղաքապետի ոսկե մեդալով։

Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ շնորհավորելով պարգեւատրվողներին՝ քաղաքապետը շնորհակալություն է հայտնել կատարած աշխատանքի համար  եւ նշել, որ հաջորդ տարեսկզբից խրախուսման մեխանիզմներ կկիրառվեն կիսամյակային կտրվածքով լավագույն արդյունքներ ցուցաբերած վարչական շրջանների եւ նրանց աշխատակազմերի համար, ինչը մրցակցային առողջ պայմաններ կապահովի նաեւ մյուսների համար:

«Վստահ եմ, որ հաջորդ տարի ավելի լավ պատկեր կունենանք նաեւ մյուս վարչական շրջաններում, ինչի համար թե քաղաքապետարանի եւ թե վարչական շրջանների աշխատակազմերը պետք է աշխատեն ավելի արդյունավետ, Երեւանին եւ երեւանցիներին առնչվող ցանկացած հարցի վերաբերյալ լինեն առավել սրտացավ ու հետեւողական»,- նշել է Տարոն Մարգարյանը։