2011 թվականին Լոռիի մարզում ակտիվացել է պայքարն ապօրինի անտառահատումների դեմ, որոնցից մի քանիսի առիթով հարուցվել են քրեական գործեր` Գուգարքի եւ Ստեփանավանի անտառտնտեսություններում:

Լոռիի մարզի գլխավոր դատախազ Կարեն Շահբազյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում, ապօրինի անտառահատումների մասին խոսելիս նշեց, որ ոստիկանության ու բնապահպանության պետական տեսչության աշխատակիցների կողմից կատարվել են  համատեղ աշխատանքներ: Մարզում արձանագրվել են նաեւ բազմաթին ապօրինի փայտանյութի տեղափոխման դեպքեր:

Դատախազը փոքր-ինչ մտահոգիչ է համարում օրենքի կիրառման այն կետը, համաձայն որի, վնասի փոխհատուցման չափը կազմում է մոտ 400 հազար դրամ, ինչը թույլ չի տալիս անձանց ենթարկել  քրեական պատասխանատվության ու սահմանափակվում են միայն վարչական պատասխանատվությամբ` տուգանքով:  Կարեն Շահբազյանի խոսքով, այդ 400 հազար դրամը պետական ունեցվածքի համար է գանձվում եւ կազմում է մոտավորապես 30-35 խմ վառելափայտի գին:

Հիմնական անտառահատումները Գուգարքի անտառտնտեսությունում են կատարվում, ու դատախազը նշեց, որ ինքը չի ընդունում այն պատճառաբանությունները, թե անտառապահներ ու անտառապետեր չկան:

NEWS.am-ի տեղեկություններով, այս պահին էլ Մոտկորի ձորի ու Ահնիձորի շրջաններում մեծ ծավալի անտառահատումներ են տեղի ունենումում, այս դիտարկմանն ի պատասխան Լոռիի գլխավոր դատախազ Կարեն Շահբազյանն ասաց, որ ինքը տեղյակ է, նշված ծառահատումներն ընդգրկում են Լալվարի ու Դսեղի անտառտնտեսությունների տարածքները, այդ հատվածներում կան հատկացված թույլատրելի հատատեղեր, բայց եթե ծառահատումներն ապօրինի են, ապա ստուգումների արդյունքում ամեն ինչ պարզ կդառնա, քանի որ դեռ ընթացքի մեջ են աշնանային ստուգումները, որի արդյունքներն առաջիկայում ներկայացվելու են Լոռիի մարզի դատախազություն: