ՌԴ ԱԳՆ-ն ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում պարզաբանել է ՄԱԿ-ի միջոցով ժամանակավոր վարչակազմերի ստեղծման մեխանիզմը։
ՌԴ ԱԳՆ միջազգային կազմակերպությունների դեպարտամենտի տնօրեն Կիրիլ Լոգվինովը, ի պատասխան Ուկրաինայի վերաբերյալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի համապատասխան հայտարարությունների մասին հարցին, նշել է, որ նման նախադեպեր եղել են պատմության մեջ, ուստի Ռուսաստանը կամ միջնորդները, բանակցությունների արդյունքներից ելնելով, տրամաբանորեն կարող են նման հայց ներկայացնել կազմակերպությանը։
Դիվանագետը նշել է, որ կան ՄԱԿ-ի միջոցով հակամարտությունների տարածքներում ժամանակավոր միջազգային վարչակազմերի ստեղծման նախադեպեր, և տարածքների փոխանցումը համաշխարհային կազմակերպության ժամանակավոր վերահսկողությանը, ինչպես հիշեցրել է Պուտինը, տեղի է ունեցել Կամբոջայում, Արևելյան Թիմորում, ինչպես նաև Արևելյան Սլավոնիայում, Բարանյայում և Արևմտյան Սրեմում։
«Ցանկանում եմ նշել, որ ՄԱԿ-ում նման վարչակազմերի ստեղծման որևէ մեխանիզմ պաշտոնապես ամրագրված չէ,- նշել է Լոգվինովը - Պատմական փորձից ելնելով՝ տարածքների փոխանցումը սովորաբար ներառել է մի քանի փուլ և պահանջել մի շարք պայմանների պահպանում։
Այսպես, հիշատակված բոլոր դեպքերում առաջին քայլը հակամարտող կողմերի միջև՝ ուղղակի կամ միջնորդների միջոցով, ՄԱԿ-ին համապատասխան լիազորություններ հանձնելու մասին համաձայնության հասնելն է։ Հաջորդող անհրաժեշտ գործողությունների հերթականությունը և դրանց կոնկրետ բովանդակությունը կարող են ինքնին լինել կողմերի միջև բանակցությունների առարկա: Դրան պետք է հաջորդի Համաշխարհային կազմակերպությանը ուղղված դիմումը:
Այն կարող է լինել հակամարտող կողմերից մեկից կամ երկուսից կամ միջնորդներից նամակի ձևով՝ ուղղված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահին կամ նրա գլխավոր քարտուղարին՝ ժամանակավոր միջազգային վարչակազմի ստեղծման խնդրանքով»:




























