Ես Հայաստանում անցկացնում եմ միջոցառում և իմ 12 գործընկերների հետ, որոնք ժամանել էին ԱՄՆ-ից, գործնական քննարկումներ ենք կազմակերպել և 2.5 ժամ առանց պատճառի մնացինք օդանավակայանում: Այս մասին այսօր՝ մարտի 31-ին, մամուլի ասուլիսում հայտարարեց Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը՝ ներկայացնելով Հայաստան իր մուտքը խոչընդոտելու իշխանությունների քայլը։

Նա հայտնեց, որ իր մուտքի արգելքի պատճառը շատ պարզ է. «Իմ կարծիքով, դրա պատճառն այն է, որ ես բավականին շատ մասնակցում եմ Հայաստանի քաղաքական և հասարակական գործընթացներին, բարեգործությանը: Երևի ինքը որևէ մեկին մի խնձոր չի տվել, ես չգիտեմ, բայց Աբրահամյան Արան ի՞նչ է արել,՝ փախստականներին մոտ 200 բնակարան է նվիրել՝ 2-3 սենյականոց»։

Նա թվարկեց բոլոր բարեգործական ծրագրերը՝ նշելով, որ դա իրականացրել է Ռուսաստանի հայերի միության միջոցով, որը 100 %-ով միայն ինքն է ֆինանսավորում։

Արա Աբրահամյանը թվարկեց իր բարեգործական ծրագրերը, որոնք իրականացրել է Արցախի Հանրապետությունում և Հայաստանում և ենթադրեց, որ Փաշինյանը դրա համար է նման ձևով վերաբերվում իր հետ։

«Իհարկե, ինքն ուզում է, որ մեզ վախեցնի, ուզում է, որ ես վախենամ, բոլորը վախենան։ Գրում են՝ Աբրահամյանին 3-10 ժամ պահել են, թե եկել եմ թալանելու, 17 մլրդ եմ թալանել, հազար ու մի բան, բայց ինքը պետք է վախենա»,-հայտարարեց Աբրահամյանը և հիմնավորեց, որ Փաշինյանը Սահմանադրություն է խախտում և այլ ապօրինություններ է կատարում:

Ռուսաստանի հայերի միության նխգահը հայտարարեց, որ վարչապետը խիղճ չունի. «Մեզ բերել են այն վիճակի, որ հայրենիք հասկացությունը չունենք, մինչև չհասկանանք հայրենիքը, հայրենիքի շահը, այս վիճակից դուրս չենք գա»,-ասաց Աբրահամյանը։

Հիշեցնենք, որ մարտի 28-ին «Ռուսաստանի հայերի միության» նախագահ Արա Աբրահամյանին «Զվարթնոց» օդանավակայանում 5 ժամից ավելի պահելուց հետո թույլ են տվել մուտք գործել Հայաստան։ Նրան որևէ բացատրություն չեն տվել՝ ինչու էին այսքան ժամանակ խոչընդոտում մուտքը Հայաստան։