Հղի աշակերտուհիներին վարձատրելու գաղափարը աճող աջակցություն է գտնում մարզերում՝ Ռուսաստանում ծնելիության ռեկորդային անկման պայմաններում: Հետեւելով Օրյոլի եւ Բրյանսկի շրջաններին՝ Կուզբասի իշխանությունները համապատասխան որոշում են ընդունել։ Փաստաթղթի համաձայն՝ դպրոցներում, քոլեջներում եւ բուհերում լրիվ դրույքով սովորող աղջիկները հղիության 22-րդ շաբաթվա հասնելուն պես կկարողանան ստանալ 100 հազար ռուբլի։ Հայտերը կարող են ներկայացնել նրանք, ովքեր հղի են հունվարի 1-ից։ Այս դեպքում պետք է հաշվառվել հիվանդանոցում: Անչափահասների համար գումարը կարող են ստանալ նրանց օրինական ներկայացուցիչները, բայց միայն լիազորագրի հիման վրա։
Օրյոլի մարզը դարձել է հղի աշակերտուհիներին խրախուսելու գաղափարի առաջամարտիկը։ Այստեղ 100 հազար ռուբլու վճար են մտցրել։ Այնուհետեւ նմանատիպ միջոցներ է ձեռնարկել Բրյանսկի մարզը, որտեղ հղի աշակերտուհիները կարող են ակնկալել 150 հազար ռուբլի: Մինչ այդ վճարում նախատեսված էր միայն բուհերի եւ քոլեջների ուսանողուհիների համար: Դպրոցական աղջիկների վրա դրա տարածումը լայն հասարակական դժգոհություն է առաջացրել, որից հետո Օրյոլի նահանգապետ Անդրեյ Կլիչկովը հայտնել է, որ ավելի քան 40 շրջաններ, իբր, նույնն են արել՝ համաձայն աշխատանքի նախարարության փետրվարի 11-ի հրամանի, որտեղ, բացի ուսանողուհիներից, կան նաեւ «հանրակրթական կազմակերպությունների» սովորողներ:
Մինչդեռ Պետդումայի ընտանիքի պաշտպանության կոմիտեն եւ նրա ղեկավար Նինա Օստանինան խնդրել են աշխատանքի նախարարությանն արգելել մարզերին միանվագ մայրության վճարները երկարաձգելն աշակերտուհիների համար: Պատգամավորները նման խրախուսումը համարում են «վաղ ծնունդների քարոզչություն», որը հակասում է «ավանդական արժեքներին»։
Մարզերում հղի ուսանողուհիների համար վճարումները սկսել են ակտիվորեն ներդրվել 2024-ից՝ ծնելիությունը բարձրացնելու երկրի ղեկավարության պահանջի ֆոնին։ Գումարը տարբեր տեղերում տարբեր է՝ 100 հազարից մինչեւ 1 մլն ռուբլի։ Դրա հետ մեկտեղ, տարածաշրջաններն ընդունում են օրենքներ «աբորտների հակման» արգելքի մասին։ 2025-ից Կրեմլում հաշվի են առնում ժողովրդագրական իրավիճակը տեղերում իշխանությունների արդյունավետությունը գնահատելիս։ KPI-ն չկատարելու դեպքում նահանգապետերին կարող է սպառնալ աշխատանքից ազատում եւ պետական ծառայության անհուսալիության պիտակ հետագա կարիերայի համար, նշել են «Верстка»-ի աղբյուրները։




























