Մեծ ցանկություն կա արմատական բարեփոխումներ իրականացնել, սակայն դա հեշտ չէ` դիմադրության պատճառով: Նման հայտարարությամբ այսօր` դեկտեմբերի 27-ին հանդես եկավ ՀՀ էկոնմիկայի նախարար Տիգրան Դավթյանը` NEWS.am-ի խնդրանքով մեկնաբանելով Արժույթի Միջազգային հիմնադրամի վերջերս տարածած այն հատարարությունը, որով կոչ է արվում Հայաստանի իշխանություններին` «բեկում» մտցնել բարեփոխումների մասով:
Ըստ Տ. Դավթյանի` անցնող տարվա ընթացքում աննախադեպ բարեփոխիչ գործողություններ են կատարվել, սակայն դրանք պետք է տեղավորվեն իրատեսության շրջանակներում: Ըստ Տ. Դավթյանի` պետական այն մարմիններում, որտեղ բարեփոխումների արդյունքում իրավասությունների սահմանափակում կա, այնքան էլ ոգեւորված չեն դրանցով:
Տ. Դավթյանը հիշեցրեց, որ 2011 թ. 40 %-ով կրճատվել է լիցենզավորման ենթակա գործունեությունների ցանկը` 135-ից մինչեւ 93, ձեռնարկությունների գրանցման համակրգում ներդրվել է աշխարհում լավագույն համակարգերից մեկը, կրճատվել են հարկային հաշվետվությունները եւ այլն: Այդ բարեփոխումների արդյունքում Հայաստանը 6 կետով առաջադիմել է doing business-ի վարկանշային սանդղակում:




























