Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումը հինգշաբթի օրը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ երկխոսությունն ու համագործակցությունը շարունակվում են այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակեց նոր մաքսատուրքերը, որոնք չեն վերաբերում Մեքսիկային, հաղորդում է Reuters-ը:

Նա մամուլի ասուլիսի ժամանակ նշել է, որ չորեքշաբթի Թրամփի հայտարարած ընդհանուր մաքսատուրքերից Մեքսիկայի բացառումը լավ է Մեքսիկայի համար։ Իր հերթին, Մեքսիկայի էկոնոմիկայի նախարար Մարսելո Էբրարդը, ելույթ ունենալով նույն ասուլիսում, «մեծ ձեռքբերում» համարեց այն, որ Մեքսիկան արտոնյալ սակագնային վերաբերմունք ստացավ USMCA համաձայնագրին առնչվող ապրանքների համար (եռակողմ համաձայնագիր ԱՄՆ-ի, Մեքսիկայի և Կանադայի միջև - խմբ.):

Նա հավելել է, որ Մեքսիկայի նպատակն է առաջիկա 40 օրվա ընթացքում հասնել հնարավոր լավագույն առևտրային պայմաններին։

Ավելի վաղ, ԱՄՆ նախագահը 10% մաքսատուրքեր էր սահմանել բոլոր ներմուծումների համար, իսկ ավելի բարձր մաքսատուրքեր՝ 60 երկրների համար։ Նշենք, որ Հայաստանի համար սակագինը 10% էր։