Տուվայի Ինքնավար Հանրապետությունում (Ռուսաստան) դեկտեմբերի 27-ի երեկոյան ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել:
Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվել է Տուվայի մայրաքաղաք Կիզիլից 94 կմ հեռու: Ցնցումը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 23:21 (Երեւանի ժամանակով` 19:21):

Կիզիլի բնակիչները, ենթադրվում է, 5 բալանոց ցնցում են զգացել: Ստորերկրյա ցնցումներն զգացվել են Կրասնոյարսկի երկրամասում, Իրկուտսկում եւ Տուվայում: Խակասիայի գրեթե բոլոր բնակավայրերն զգացել են ցնցումները 3-4 բալ ուժգնությամբ, տեղեկացնում է  «Ինտերֆաքս»-ը:

Ռուսաստանի ԱԻ նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ երկրաշարժի ուժգնությունը հիպոկենտրոնում կազմել է  9,5 բալ, ինչը ռեկորդային է տարածաշրջանի ողջ պատմության համար:

Զոհերի եւ ավերածությունների մասին տեղեկություններ չկան:

Տուվայում խմբեր են ձեւավորվել, որոնք երկրաշարժից հետո հետեւում են հանրապետության շրջանների եւ Կիզիլի իրավիճակին: Գերատեսչության աշխատակիցները եւ ոստիկաններն այցելում են ամեն մի բակ` ավերածությունների աստիճանը պարզելու համար: Նրանց աշխատանքին խոչընդոտում են գիշերը եւ ուժեղ սառնամանիքը` 0-ից գրեթե 30 աստիճան ցածր:

Բազմահարկ շենքերի բնակիչներին առաջարկվել է գիշերել մանկապարտեզների եւ դպրոցների շենքերում: