Ռուսական «Սպարտա» ձկնորսանավը, որն աղետի էր ենթարկվել Անտարկտիդայի ափերին, սառույցների միջից սկսել է առաջանալ դեպի ջուրը: Ռուսական նավին կուղեկցի հարավկորեական «Արաոն» սառցահատը: Նավերը սառույցների միջով 100 կմ տարածություն են անցնելու: Դրա համար նվազագույնը 10 ժամ է պահանջվում, նշում է «Ինտերֆաքս»-ը:
Հիշեցնենք, ռուսական «Սպարտա» ձկնորսանավը, որը Ռոսսի ծովում ձկնորսությամբ էր զբաղվում, աղետի ազդանշան է տվել դեկտեմբերի 16-ին: Նավի վրա ճեղք է գոյացել, եւ ջուրն սկսել է ներս լցվել:
Իրենց փրկելու համար ուղարկված նավերին սպասող նավաստիները կարողացել են նավի ճեղքը կարկատել նորզելանդական ռազմական ինքնաթիռներից նետված գործիքներով: Դեկտեմբերի 25-ին «Սպարտա»-ին է հասել «Արաոն» սառցահատը, ինչից հետո ձկնորսանավից քաշել են վառելիքի մնացորդները` հնարավոր արտահոսքի հետեւանքները նվազագույնին հասցնելու համար:




























