Միգրացիոն ոլորտում Ռուսաստանի կողմից կիրառվող բոլոր միջոցներն ուղղված են հասարակական կարգի անվտանգության ապահովմանը եւ համապատասխան ընթացակարգերի բարելավմանը կամ պարզեցմանը։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով հարցին, թե որքանով է դա համապատասխանում ԵԱՏՄ օրենսդրական նորմերին։

«Վիզային ռեժիմ մտցնելու ոչ մի խոսք առհասարակ չկա»,- ասել է Զախարովան։

Հիշեցնենք, որ Ռուսաստան մուտք գործող օտարերկրյա քաղաքացիները էլեկտրոնային ծառայությունների պորտալում պետք է լրացնեն դիմում իրենց եւ իրենց այցի նպատակի մասին մուտքից մոտ 72 ժամ առաջ, իսկ արտակարգ դեպքերում՝ ոչ պակաս, քան 4 ժամում։ Նորամուծությունն ուժի մեջ է մտնում հուլիսի 30-ից։

2024թ. Ռուսաստանում ուժի մեջ են մտել միգրացիոն օրենսդրության փոփոխությունները։ Որոշ կանոնակարգեր արդեն ուժի մեջ են մտել։ 2024թ. դեկտեմբերի 1-ից օտարերկրյա քաղաքացիներից պահանջվում է կենսաչափական տվյալներ ներկայացնել մի շարք անցակետերում, այդ թվում՝ «Շերեմետեւո», «Վնուկովո», «Դոմոդեդովո», «Ժուկովսկի» օդանավակայաններում, ինչպես նաեւ Օրենբուրգի մարզում։

Փոփոխությունների երկրորդ փուլը կմեկնարկի հունիսի 30-ից, այսուհետ սահմանը հատելիս կենսաչափական տվյալների ներկայացումը բոլոր անցակետերում կդառնա պարտադիր։ Բացառություն է արվում միայն Բելառուսի քաղաքացիների համար։ ԵԱՏՄ երկրների մյուս բոլոր քաղաքացիների համար սահմանված են նույն պահանջները, ինչ մյուս օտարերկրացիների։