Չորեքշաբթի՝ ապրիլի 9-ին, Հունաստանը արհմիությունների համազգային գործադուլի մեջ է, ինչի հետ կապված՝ լաստանավերը կանգնած են նավահանգստում, չեղարկվել են չվերթները, իսկ հասարակական տրանսպորտը գործում է միայն մասամբ, հայտնել է AP-ը։
Արհմիությունները կառավարությունից պահանջում են վերջ տալ միջազգային վարկատուների կողմից մեկ տասնամյակ առաջ սահմանված խնայողության միջոցառումներին:
24-ժամյա գործադուլ են հայտարարել երկու գլխավոր արհմիությունները, որոնք ընդգրկում են պետական եւ մասնավոր հատվածները։
Նրանք պահանջում են բարձրացնել աշխատավարձերը եւ լիովին վերադարձնել հավաքական բանակցություններ վարելու իրավունքը, որոնք չեղարկվել են միջազգային օգնության շրջանակում, Հունաստանում ֆինանսական ճգնաժամի ժամանակ։
Դեպի Հունաստան եւ Հունաստանից առեւտրային չվերթները, ինչպես նաեւ ներքին կետերի միջեւ օդային հաղորդակցությունը չեղարկվել են չորեքշաբթի կեսգիշերից մինչեւ հինգշաբթի կեսգիշեր։
Բացի այդ, Հունաստանի մայրաքաղաք Աթենքում ավտոբուսները, տրոլեյբուսները, գնացքները, տրամվայները եւ մետրոն աշխատել են միայն օրվա մի մասը։
Արհմիությունները ծրագրել են բողոքի երեք երթ Աթենքի կենտրոնում չորեքշաբթի ավելի ուշ, համանման ցույցեր նախատեսված են նաեւ այլ քաղաքներում։





























