ԵՄ անդամ երկրները չորեքշաբթի ճնշող մեծամասնությամբ քվեարկեցին ամերիկյան ապրանքների նկատմամբ 22 միլիարդ եվրոյի պատասխան մաքսատուրքերի հաստատման օգտին, քանի որ համաշխարհային առևտրային լարվածությունը սրում է Միացյալ Նահանգներից Դոնալդ Թրամփի կողմից ներմուծվող ապրանքների նկատմամբ հսկայական մաքսատուրքերից հետո, հայտնում է Euractiv-ը։

Դաշինքի 27 անդամ երկրներից 26-ը քվեարկել են 10-25% մաքսատուրքեր սահմանելու օգտին: Միացյալ Նահանգներից ներմուված մի շարք ապրանքների, դրանց  թվում՝ ծխախոտի, մոտոցիկլետների, թռչնամսի, պողպատի և ալյումինի նկատմամբ:

Միայն Հունգարիան, որի առաջնորդ Վիկտոր Օրբանը Թրամփի հավատարիմ դաշնակիցն է, դեմ քվեարկեց մաքսատուրքերին։

Մաքսատուրքերի առաջին փաթեթն ուժի մեջ կմտնի ապրիլի 15-ից, մաքսատուրքերի մեծ մասը կգործի մայիսի 16-ից: Որոշ այլ ապրանքների, ներառյալ՝ սոյայի և ընկույզների ներմուծման մաքսատուրքերն ուժի մեջ կմտնեն դեկտեմբերի 1-ից:

Եվրահանձնաժողովն ի սկզբանե առաջարկել էր մաքսատուրքեր սահմանել 26 միլիարդ եվրո արժողությամբ ապրանքների ավելի լայն շրջանակի համար:

ԵՄ պաշտոնյաները պարզաբանել են, որ պաշտոնական առաջարկը սպասվում է մայիսի կեսին, քանի դեռ Վաշինգտոնի հետ բանակցությունների արդյունքում լուծում չի ստացվել: